Փոխքաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են Էրեբունի թանգարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։
Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։
“Միգուցե, դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո՛, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է”,- ասել է նա։
Ստեֆան Դեշամպը նշել է, որ պեղումներից հետո պետք է սերտորեն համագործակցեն “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնեն լայն հանրությանը՝ այդ թվում նաև Երևանի հյուրերին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը։
“Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրքիր այս նախաձեռնությամբ՝ “Էրեբունիե հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ”,- ասել է նա։
Արամ Սուքիասյանի խոսքով՝ որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։
“Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը, որով Էրեբունին ավելի ներկայանալի կլինի մեր քաղաքացիների ու մեր մայրաքաղաքի հյուրերի համար”,- նշել է Արամ Սուքիասյանը։




Լրահոս