Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված երեկո՝ Musica Riva միջազգային փառատոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 30-ին իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց “Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև” խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։
Հանդիսատեսով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։ Երիտասարդական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ “Սպարտակ” և “Գայանե” բալետներից։ Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը։ Երկու ժամ տևած համերգը ցնծության մեջ պահեց ամբողջ Ռիվա դել Գարդան։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` “Լուդինգ” ընկերության հիմնադիր նախագահ, և նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ: 
Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաև աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի)։ Հուլիսի 27-ին՝ նվագախումբը կատարել է Վերդիի և Վագների ստեղծագործությունները (դիրիժոր՝ Մարկո Բոեմի), մենակատարներ՝ Միշելա Սբուրլատ (սոպրանո), Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Յունգ Կվանգ Լի (բարիտոն)։
Օգոստոսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ), իսկ օգոստոսի 3-ին նվագախումբը կներկայացնի Վերդիի “Ռեքվիեմը”, դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի, մենակատարներ՝ Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Աննա Վիկտորովա (սոպրանո), Խաչատուր Բադալյան (տենոր), Եվգենի Ստավինսկի (բաս)։
Նշենք, որ 30-ամյա պատմություն ունեցող իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնն ամեն տարի իր տանիքի ներքո է համախմբում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր ծայրերից։ 
Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից: 




Լրահոս