ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Նախօրեին Ստավրոպոլում դաժան հաշվեհարդար են տեսել հայ գործարար Խաչատուր Ղազարյանի ընտանիքի հետ՝ սպանելով նրա երկու երեխաներին՝ 11-ամյա Լիանային եւ 16-ամյա Արսենին: Խոշոր եղջերավոր կենդանիների բազմացմամբ զբաղվող Խաչատուրը Lifenews-ին պատմել է, որ այդ օրը ինքը երեխաներին թույլատրել է գիշերել ճաշասենյակում, որպեսզի նրանք հեռուստացույց դիտեն: Նա քնած է եղել, երբ վիրավոր կինը` Թամարան, արյունոտ դեմքով մտել է սենյակ եւ բղավելով հայտնել, որ երեխաներին սպանել են: Ենթադրվում է, որ մարդասպանի թիրախը եղել է Խաչատուրը:

ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Երեկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Ս. թ. հուլիսի 26-ին՝ կեսգիշերին, այցելեցի Երեւանի քաղաքապետարանի մոտ շուրջօրյա նստացույց անող քաղաքացիներին` իմ համերաշխությունը հայտնելու համար։ Այդ պահին ականատես եղա, թե ինչպես կանացի լողազգեստով, անորոշ սեռի մի խումբ մարդիկ մոտեցան այնտեղ հերթապահող ոստիկաններին ու դիմեցին նրանց հետեւյալ խոսքերով. «Հովանավորնե՛ր ջան, լավ չեք հովանավորում մեզ, թույլ եք տալիս, որ մեր տարածքը զբաղեցնեն»։ Ակնհայտ է, որ քաղաքապետարանի տարածքը հանրային լողափ չէ, ուստի դժվար չէր եզրահանգել, որ ոստիկանությանը դիմող այդ անձինք զբաղվում են պոռնկությամբ։ Ոստիկանները վերջիններիս նկատմամբ ցուցաբերեցին հանդուրժողական վերաբերմունք՝ սահմանափակվելով միայն նրանց տեսանկարելով։ Ենթադրում եմ, որ ոստիկանները նրանց տեսանկարել են ոչ թե անձնական օգտագործման, այլ վերոնշված փաստը արձանագրելու նպատակով։ Ես չէ, որ պիտի հուշեմ ոստիկանությանը ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) պահանջները»:

ԿԱԶԴՈՒՐՎՈՒՄ Է

Գնդապետ Արտակ Բուդաղյանը երեկ «ԳԱԼԱ»-ին ասել է, որ արդեն քիչ-քիչ կազդուրվում է. «Ես արդեն նորմալ եմ, ծառայության մեջ եմ, այնպես որ, ծառայությունս էլ նորմալ է, կազդուրվում եմ երեւի»: Նա հրաժարվել է խոսել տեղի ունեցած կրակոցներից, եղբոր սպանությունից եւ առհասարակ գործի քննությունից: Բուդաղյանն ասել է նաեւ, որ իր հետ Արցախ են մեկնել իրեն բուժող բժիշկները, որոնք հետեւում են իր առողջությանը։

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԵՆ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրը` 81-ամյա Արգամ Հունանի Աբրահամյանը, ինչպես նաեւ եղբայրը` Ռաֆիկ Արգամի Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղում ավագանու անդամներ են: «Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ` հայր ու որդի Աբրահամյանները Մխչյանում ավագանու անդամ են դարձել անցած տարվա նոյեմբերին համայնքապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ:




Լրահոս