ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Օրեր շարունակ հետեւում էինք Յուրմալայում ընթացող «Նոր ալիք» մրցույթին, առավել ուշադիր՝ Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանի ելույթներին: Մրցույթի այս տարվա առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն է, երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամաձեն, երրորդ տեղում վիետնամցի Վինհ Կուատն է: Ցավոք, Մերի Մնջոյանը 344 միավորով 7-րդ հորիզոնականում է: Ինչպես մնացած բոլոր մրցույթների ժամանակ, այս անգամ եւս Մերիի ելույթի շուրջ սկսվեցին տարատեսակ խոսակցություններ: Ոմանք կարծում էին, որ Մաշան մեծ հնարավորություններ ունի, սակայն «Հայաստանի ձայն» նախագծում նրա մարզիչ, երգչուհի Սոնան Մաշայի ձայնը լավ չի օգտագործում ու սխալ ուղղություն է տալիս սկսնակ երգչուհուն: Մյուս մասն էլ վստահաբար ասում էր, որ Մաշան բոլոր երեք մրցութային օրերին էլ փայլուն է հանդես եկել, սակայն ժյուրին կողմնապահություն է արել:
Իսկ ահա «Ֆեյսբուք»-ի օգտատեր Արմեն Առաքելյանը շատ կոպիտ էր արտահայտվել Հայկոյի մասին, ում հեղինակած երգը Մերին կատարեց երրորդ մրցութային օրը. «Լավ, ի՞նչ պարտադիր էր աշխարհի էլ չէ, հետխորհրդային տարածքի մասշտաբներով «Ճ կլասսի» երգահան Հայկոյի երգ ընտրել, որն ակնհայտորեն միապաղաղ էր, անբովանդակ ու ոչինչ չասող»: Այս մեկնաբանությունը անտարբեր չի թողել Հայկոյի կնոջը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանին, որը պատասխան մեկնաբանության մեջ գրել է. «Հայկոն էն տղենա, որ քո նման անմակարդակին թե ինտելեկտով, թե երաժշտական գիտելիքներով եւ թե տղամարդկային պահվածքով կծալի-կշպրտի մի կողմ, այ դու խղճուկ»:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ
Հուլիսի 27-ին տեղի ունեցած Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարում ընդունվել է միության նոր կանոնադրությունը, տեղի է ունեցել ՀԳՄ նախագահի ընտրություն, որի արդյունքներով ՀԳՄ աշխատանքը նորից կհամակարգի Լեւոն Անանյանը։
Նկատենք, որ Լ. Անանյանն անընդմեջ ղեկավարում է միությունը 2001թ.-ից սկսած: Այս համագումարից, ինչպես եւ մյուս բոլոր համագումարներից առաջ առանձին գրողներ քննադատական բաց նամակներով հանդես եկան միության, մասնավորապես ՀԳՄ նախագահի դեմ, սակայն այս անգամ եւս ոչինչ չկարողացավ խոչընդոտել Լեւոն Անանյանի վերընտրությունը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրա դեմ պայքարի, այսպես ասած, առաջամարտիկներից Աբգար Ափինյանը եւ Ալեքսանդր Ղումաշյանը հեռացվեցին գրողների միությունից, ինչը, ամենայն հավանականությամբ, ահազանգ եղավ մյուսների համար: Թեեւ մյուս կողմից էլ անհասկանալի է ընդհանրապես ստեղծագործական միությունների գոյությունը, քանի որ դրանք պահպանել ու դեռ երկար կպահպանեն խորհրդային ժամանակների գործելաոճը, երբ ծառայում էին իշխանություններին եւ մի քանի մերձավոր-քծնողների:




Լրահոս