ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 95-ԱՄՅԱԿԸ ՃՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության կազմավորման 95-ամյակի առթիվ օրերս անցկացված միջոցառումները բավական ծանր են նստել ՀՀ պետական բյուջեի վրա: Այդ մասին են վկայում «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ այդ օրվա միջոցառումների համար դատախազությունը պետբյուջեից ծախսել է 30 մլն 296 հազար 160 դրամ կամ որ նույնն է` 73 հազար 893 դոլար: Միգուցե անհավատալի թվա, բայց սա փաստ է:
Բնականաբար, կհարցնեք, թե ինչի վրա է ծախսվել ավելի քան 30 մլն դրամը: Այս հարցի պատասխանը շատ հեշտությամբ կարելի է գտնել համապատասխան փաստաթղթերում:
Եվ ուրեմն, 11 մլն 648 հազար դրամ (28 հազար 400 դոլար) ՀՀ գլխավոր դատախազությունը վճարել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցին` դատախազության հյուրերի ապրելավարձի եւ հյուրանոցային այլ ծառայությունների համար: Նշենք, որ ըստ փաստաթղթերի՝ հյուրանոցը վարձակալվել է մեկ շաբաթ շարունակ:
Բացի այդ, 1 մլն 400 հազար դրամ (3 հազար 414 դոլար) դատախազությունը ծախսել է պատվիրակության անդամների սննդի մատուցման համար: Այս ծառայությունն էլ մատուցել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ն: Այսինքն` Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանը, որտեղ, հավանաբար, մեկ շաբաթ շարունակ սնվել են պատվիրակության անդամները:
Այնուհետեւ դատախազության 95-ամյակի առթիվ պատվիրակության անդամներին մատուցվել է պաշտոնական ճաշ. հյուրասիրությունը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին պատկանող «Բելլաջիո» ռեստորանային համալիրում: Այդ ճաշկերույթն էլ ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 1 մլն 873 հազար դրամ (4 հազար 568 դոլար):
Դատախազությունը մտածել է իր հյուրերի մշակութային ժամանցի մասին եւ նրանց տարել Մատենադարան` վճարելով 30 հազար դրամ:
Աղվան Հովսեփյանը նաեւ հոգացել է իր հյուրերին հուշանվերներ տալու հարցը. ՀՀ պետբյուջեից 168 հազար դրամ ծախսվել է այդ նպատակով: Գնվել է 19 հուշանվեր` հայկական եկեղեցիների պատկերներով: Նշենք, որ այդ հուշանվերները ձեռք են բերվել արծաթագործ Կարինե Աճեմյանից (նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորուհի Կարինե Աճեմյանը չէ):
Եվ վերջապես, 21 հազար դրամ էլ դատախազությունը ծախսել է շնորհակալագրերի վրա. տպագրվել է 60 շնորհակալագիր` դատախազության աշխատակիցների համար:
Ահա սրանք են այն ծախսերը, որ արել է ՀՀ գլխավոր դատախազությունն իր 95-ամյակի միջոցառումների կազմակերպման համար: Խոստովանենք՝ ինչ-որ տոնակատարության համար 30 մլն դրամ ծախսելը, այն էլ պետբյուջեի միջոցներից, մեղմ ասած, շռայլություն է: Առավել եւս՝ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գնալով ահագնացող է դառնում արտագաղթն ու ավելանում աղքատությունը: Համենայնդեպս, ժողովրդի մասին մտածող իշխանությունն այս պայմաններում իրեն թույլ չէր տա նման ծախսեր անել, այլ այդ գումարները կուղղեր ավելի լուրջ ծրագրերի իրականացմանն ու սոցիալապես խոցելի խմբերի հոգսերի` փոքրիշատե թեթեւացմանը:
Իսկ ահա Աղվան Հովսեփյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Դատելով այդ օրը Աղվան Գառնիկիչի հագուկապից` «դատախազական մունդիրից» ու դրա վրա փայլող մեդալների առատությունից, նրա տրամադրությունից, նա որոշել էր ամենաշքեղ կերպով նշել իր ղեկավարած գերատեսչության կազմավորման տարեդարձը: Ու սա պատահական չէ. շուտով ավարտին է մոտենում Ա. Հովսեփյանի պաշտոնավարման` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 6-ամյա ժամկետը: Սեպտեմբերին ԱԺ-ն Սերժ Սարգսյանի ներկայացմամբ պետք է ընտրի նոր գլխավոր դատախազ, եւ, ըստ ամենայնի, դա լինելու է բոլորովին այլ մարդ: Այնպես որ, դատախազության 95-ամյակի միջոցառումն ինչ-որ տեղ նաեւ Ա. Հովսեփյանի «վերջին զանգն էր»: Ու դրա համար էլ Աղվան Գառնիկիչը հարկատուներիս հաշվին դիմել էր նման շռայլության:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս