ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր եղբոր` Ցոլակ Թանգամյանի ինքնասպանության դիմելու պատճառը, ասաց, թե ինքն այդ հետապնդումներից տեղյակ չի եղել:
Հիշեցնենք, որ Ց. Թանգամյանն ինքնասպանություն գործելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, որ իրեն 1994թ.-ից հետապնդում են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սամվել Հունանյանն ու Արթուր Վիրաբյանը` իրենից խլելով Կիեւյան 2-ա հասցեի 176 քմ տարածքը: Նամակում նա նաեւ գրել էր, թե այս անարդարությունից հետո ինքն այլեւս չի կարող ապրել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Վանիկ Թանգամյանի հետ` պարզելու, թե արդյոք ինքը, լինելով ոստիկան, տեղյակ է եղել եղբոր հետ կատարվածից:
-Պարո՛ն Թանգամյան, Դուք, լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ կասեք Ձեր եղբոր ինքնասպանությունից առաջ գրած նամակի մասին, որտեղ նա նշել է, թե 1994թ.-ից իրեն հետապնդել են:
-Ես տեղյակ չեմ ոչ մի բանից:
-Ձեր եղբայրը Ձեզ ոչինչ չի՞ պատմել:
-Ո՛չ:
-Իսկ Դուք չե՞ք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է Ձեր եղբայրը:
-Բիզնեսի վերաբերյալ հարցերի հետ կապված չեմ: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի գործերին խառնվել:
-Բայց խոսքը Ձեր եղբոր մասին է:
-Գիտեմ, բայց տեղյակ չեմ ու չեմ խառնվել, ու նա էլ ինձ բան չի պատմել:
-Նա անուններ է տվել՝ Սամվել Հունանյան, Արթուր Վիրաբյան, այս անունները Ձեզ ոչինչ չե՞ն ասում:
-Սամվել Հունանյանին ճանաչում եմ, ո՞նց չեմ ճանաչում, նա մեր համակարգի աշխատող է: Բայց հո աստղագուշա՞կ չեմ, որ իմանամ:
-Ձեր եղբայրն այս մարդկանց հետապնդումների եւ անարդարության հետեւանքով գնաց այդ քայլին, Դուք՝ որպես ոստիկանության գնդապետ, ի՞նչ եք պատրաստվում անել: Ո՞ւմ եք մեղադրում Ձեր եղբորն ինքնասպանության հասցնելու համար:
-Չեմ կարող ասել:
-Ձեր եղբոր ինքնասպանության գործը քննվելու է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Վստա՞հ եք, որ իրական մեղավորները կպատժվեն:
-Ես արդարացի լուծումներ հանրապետության մեջ տեսնում եմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս