ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանի համայնքների եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ՝ նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)՝ ապահովելով 97,6 տոկոս կատարողական: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով: Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ` 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը 101,3 տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս: Թեեւ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում, ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:

50 ՄԼՆ ԴՐԱՄ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար ԿԸՀ-ն կառավարությունից 51 մլն 136 հազար 846 դրամ է պահանջել, սակայն կառավարությունը որոշել է հատկացնել մոտ 50 մլն դրամ, որից 8,4 մլն դրամը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, 2,7 մլն դրամը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, իսկ 39,1 մլն դրամը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերն են: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ:

ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
ՀՀ-ում այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 375,25 հազար ավտոտերերի հետ: Մայիսի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 3,35 հազարով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 63 հազարով: Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվարից մինչեւ հունիս կազմել է մոտ 9,7 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է մոտ 5,1 մլրդ դրամ: Ընդ որում, միայն հունիսին հատուցումները կազմել են մոտ 0,8 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 100 մլն դրամով: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ հատուցումներն ավելացել են մոտ 1 մլրդ դրամով:

Ա. ՇԱԲՈՅԱՆ




Լրահոս