ԵՐԵՔԺԱՄՅԱ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը խնդիրները լուծելու փոխարեն բազմաթիվ նոր հարցեր առաջացրեց, որոնց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
-Այդ համագումարը վերջինն էր, որից հետո պիտի Հայաստանի գրողների միության անունը փոխվի: ՀԳՄ-ում միշտ քվեարկությունը եղել է փակ գաղտնի, բայց այս դեպքում եղել է բաց: Ձեռք են բարձրացրել մարդիկ, ու ոչ ոք չգիտի` նրանք ովքեր են: Կարելի էր փողոցից մի վաթսուն հոգի պատահական մարդ բերել, նրանք ձեռք բարձրացնեին, եւ Անանյանը նորից հռչակվեր նախագահ:
-Իսկ ինչո՞ւ հրավիրվեց արտահերթ համագումար:
-Մամուլում հրապարակումներ եղան, որ Լեւոն Անանյանի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է վարչական վարույթ, քանի որ 12 տարի ապօրինի բազմել է այդ աթոռին. այդքան ժամանակ միությունը գործել է օրենքից դուրս, կանոնադրություն չի ունեցել: Եվ Անանյանին պարտադրվեց համագումար անցկացնել:
-Ու կանոնադրությունն ընդունվե՞ց:
-Ամեն ինչ խախտումով է արվել. եթե կանոնադրությունն ընդունվում է, պիտի 14 օր առաջ ՀԳՄ անդամները դրա նախագիծն ունենային, ամիսներ առաջ բոլոր ստորաբաժանումներում այն քննարկվեր, լրացումներ կատարվեին: Այսինքն` դա առնվազն մեկ տարվա աշխատանք էր, որն արվեց երեք ժամում: Նախկինում ՀԳՄ համագումարները մի քանի օր են տեւել, մանրամասնորեն քննարկվել են գրականության` արձակի, պոեզիայի, չափածոյի, դրամատուրգիայի, գրական քննադատության, գրականագիտության, հրապարակախոսության պրոբլեմները: Մի խոսքով, 3-4 օր տեւող համագումարի փոխարեն խեղկատակային ձեւով անցկացվեց երեքժամյա անհեթեթություն, որի միակ նպատակն էր, որպեսզի այդ անձը եւս մի քանի տարի հնարավորություն ունենա աթոռին կառչած մնալ: Ի դեպ, դեռեւս համագումարը չեղած` արդեն սփյուռքահայ գրողներին ուղարկած հրավերի մեջ նշված էր, որ կարող են ձայնը տալ գործող նախագահին: Իսկ գուցե համագումարը որոշում էր, որ ուրիշ թեկնածունե՞ր պիտի լինեին:
-Կան հայ գրողների, Երեւանի գրողների միություններ, դրանք կարո՞ղ են այլընտրանք լինել ՀԳՄ-ին:
-Անշուշտ, դա ճիշտ քաղաքականություն է, բայց այսօր բոլոր միջոցներն ուղղվում են մեկ կառույցի` ՀԳՄ-ին: Իսկ մեր պետությունը հսկայական միջոցներ է տալիս գրականության ու մշակույթի զարգացման համար: Երբ Անանյանից առաջ Հրանտ Մաթեւոսյանն էր ՀԳՄ նախագահը, իսկ ես` քարտուղարը, կառավարությունից մեկ լումա չէինք ստանում: Բայց հենց Անանյանը հայտնվեց, բերեցին միլիոններ… Այլընտրանքային կառույցներ պետք է լինեն, որովհետեւ այսօր բացառվում է գրական արտադրանք սպասել Լեւոն Անանյանից: «Գրական Երեւան» թերթում տպել ենք այդ արտադրանքից մի քանի նմուշ, որը խայտառակություն է: Երիտասարդ գրողները գրում են սեքսի մասին, Անանյանն Աստծուն ուղարկում է գժանոց… Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի մեծ ավանդույթներից հետո այսպիսի աղտեղություն է գրողների միությունում: Ուստի պիտի այդ կառույցը կոչել Անանյանի սահմանափակ պատասխանատվության ընկերություն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս