ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՉԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012թ. նոյեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Վարչապետը հայտարարեց, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանձնարարել է լուրջ զբաղվել այդ հարցով. «Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի»:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին մասնակցել էին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաեւ հասարակական եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել էր կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները: Առաջարկվել էր ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտներում էապես խորացնել վերլուծությունների որակը եւ բացահայտել կոռուպցիոն երեւույթներ ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն եւ այդ աշխատանքներում ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսեւորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք, հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսեւորումները, որից հետո պետք է լինեն հստակ եւ հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»,-նշել էր Տ. Սարգսյանը:
Վարչապետը նաեւ հայտարարել էր. «ՀՀ նախագահը խիստ գնահատականներ է տվել եւ մեզանից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը եւ ո՛չ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձեւաչափը»:
Անցած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ դրանք ընդամենը հայտարարություններ էին, ու մինչեւ այսօր վարչապետը «մատը մատին» չի տվել Ս. Սարգսյանի հանձնարարությունը կատարելու համար:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել, թե ինչ հաճախականությամբ են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերը տեղի ունենում: Վերջինս խոստացավ պատասխանել, սակայն շուրջ մեկ շաբաթ է` ո՛չ մեր հեռախոսազանգերին է պատասխանում, ո՛չ էլ հաղորդագրություններին:
Հետաքրքրվեցինք նաեւ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք առաջին անգամ մասնակցել էին խորհրդի նիստին: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ նիստ չի եղել, ուստի իրենք չեն մասնակցել: Փաստորեն, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «խիստ» հանձնարարությունն անգամ «գրոշի» արժեք չունի վարչապետի համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս