Հրապարակ. Մանկատան տնօրենն ու մարզպետարանի աշխատակիցը փորձել են երեխա վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթն անդրադարձել է երեկ ոստիկանության տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի քաղաքում կանխվել է երեխային վաճառքի դեպք, փոխանցելով պտտվող լուրերն այն մասին, որ դրան մասնակից են եղել Վանաձորի մանկատան տնօրենը, մարզպետարանի համապատասխան բաժնի պետը, երեխայի մայրը։
 
“Վանաձորում, առավոտվանից իրավասու գրեթե բոլոր անձինք խոսում էին այն մասին, որ սա Վանաձորի մանկատան տնօրենի, մարզպետարանի համապատասխան բաժնի պետի, երեխայի մոր ու գնորդի միջև հատուկ պայմանավորվածությամբ երեխայի վաճառք է։ Մարզպետարանի երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետը Նարեկ Սարգսյանն է՝ հաղորդագրության մեջ նշված Նարեկ Ս.- ն, իսկ Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը հաղորդագրության մեջ նշված Արշալույս Հ.-ն է։
 
Նշենք, որ առավոտվանից անջատված էին Նարեկ Սարգսյանի և Արշալույս Հարությունյանի բջջայինները, մարզպետարանի կանանց և երեխաների պաշտպանության բաժնից մեզ փոխանցեցին, որ բաժնի պետն առավոտվանից չի ներկայացել աշխատանքի, իրենց անհայտ է նրա գտնվելու վայրը, և իրենց ևս չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ։ Մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի հետ կապվել հաջողվեց ժամը 16:00-ին միայն։ Վերջինս զրույցի սկզբում խոսեց միայն երեխայի մասին, հաստատելով, որ նա, իսկապես, Վանաձորի մանկատան սաներից է, այնտեղ է գտնվում հուլիսի 22-ից։ Այնուհետ նշեց, որ իրեն ևս երեկ հրավիրել են ոստիկանություն՝ որպես գործով վկա, թեև հաղորդագրության մեջ նշված է անմիջապես փողոցից նրան ձերբակալելու մասին։
 
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված Սերինե Ա.-ն 28-ամյա Սերինե Ավետիսյանն է, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանից, նա է նախորդ ամիս մանկատուն հանձնված 4-ամյա Ռիմայի մայրը, ում էլ ցանկացել են վաճառել օտարերկրացի կնոջը՝ 15 հազար դոլարի դիմաց։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ կրկին քրեական գործ էր հարուցվել Վանաձորի մանկատան տնօրենի նկատմամբ՝ նույնպես երեխայի վաճառքի մեղադրանքով, սակայն մեղադրանքը չհաստատվեց, և տնօրենին էլ արագ բաց թողեցին”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս