ՏԱՎՈՒՇՈՒՄ ԴԵՂՁԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու “Սպայկա” ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանն աշխատանքային այցով մեկնել էին Տավուշի մարզ:  Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, թե դեղձի մթերման առումով որեւէ խնդիր չի լինի, եւ իրենք կգնեն ամբողջ բերքը: Սակայն “Սպայկա”-ն չի կատարում իր խոստումը եւ չի մթերում բերքը: Ընկերությունից “Ժողովուրդ”-ին ասացին, որ իրենք մթերում են միայն բարձր որակի դեղձ:
Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ գյուղնախարարը խորհրդակցություն էր անցկացրել, որի ընթացքում հավաստիացրել էր, թե հատկապես Տավուշի մարզի պտղի եւ խաղողի իրացման խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, եւ աշխատանքները կկատարվեն ժամանակին ու անկորուստ: Ի դեպ, այդ խորհրդակցության ընթացքում գյուղնախարարը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին հանձնել էր դեռեւս նախորդ տարվա գյուղատնտեսի օրվա առթիվ նրան շնորհված ոսկե մեդալը եւ շնորհակալություն հայտնել մարզի բարձր ցուցանիշների համար:
Սակայն ոսկե մեդալ ստացած Արմեն Ղուլարյանի ղեկավարած մարզում գյուղացիները չեն կարողանում իրենց բերքն իրացնել:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում Դեղձավանի նախկին համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղացիներն այս օրերին չեն կարողանում իրենց բերքն իրացնել. “Այդքան էլ շատ դեղձ չունենք՝ մոտ 60 տոննա: Կա՛մ առեւտրականներ են գալիս ու գյուղից են գնում, կա՛մ էլ մարդիկ տեղական շուկաներում են վաճառում”:
Դեղձավանի նախկին համայնքապետը նշեց նաեւ, որ “Սպայկա”-ն եկել է գյուղ, շրջել, բայց դեղձի որակը չի բավարարել ընկերության ներկայացուցիչներին. “”Սպայկա”-ի ներկայացուցիչները մեր գյուղ եկան, բան չհավանեցին: Եկան մեր գյուղ, նայեցին, գնացին, բայց ընենց դեղձ կա, որ էլ դու սուս, միայն առնող չկա: Ո՜ւֆ, այնքան լավ է, որ դեղձը ծիծաղում է երեսիդ, քաղցր համովն է: Էս քանի օր է, ինչ առեւտրականները գալիս են, էժան գնով` 100 դրամով, գյուղացուց գնում են ու տանում, թանկ գնով վաճառում, օգուտ ստանում: Բայց հիմա սկսելու է էժանանալ դեղձի գինը: Գյուղացուն ո՞վ է նայում, յոլա ենք գնում, մի կերպ դիմանում ենք”:
Իսկ Արճիս համայնքի բնակիչներն առայժմ կարողանում են իրենց բերքն իրացնել միայն տեղական շուկաներում: “Աղջի՛կ ջան, դեղձը երկու օրվա կյանք ունի, թիթեռի նման է, հենց հասունացավ, պետք է երկու օրվա մեջ իրացնել: Գյուղնախարարի հետ պայմանավորվել ենք, որ օգոստոսի 5-ից “Այրում”-ի պահածոների գործարանը դեղձ է մթերելու: Հիմա ժողովուրդը դրան էլ է սպասում, թե ինչ գին կորոշեն, որպեսզի գյուղացիները հասկանան՝ հանձնելու են, թե ոչ: Ասել են՝ մինչեւ 70 դրամ, բայց այդ ընթացքում շուկայի գներին էլ կնայեն ու ըստ դրա կորոշեն”,-ներկայացրեց Արճիսի ղեկավար Սեյրան Միկիչյանը: 
Նրա խոսքով՝ Արճիսի դեղձի քանակը ավելի քան 400-500 տոննա է, բայց գյուղացիները հրաժարվում են “Սպայկա”-ի հետ համագործակցել. “”Սպայկա”-ն դեռ չհասունացած է դեղձը վերցնում, իսկ գյուղացիները հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ մինչեւ հասունանալը դեռ պետք է 30 տոկոսով դեղձի քաշը մեծանա: Բա ի՞նչ անի գյուղացին, թողնի, որ փչանա՞ իր ապրանքը: Մի գյուղացի էլ ես եմ, մի դեղձ վաճառող էլ ես եմ, շիվարել ենք, չգիտենք, թե ինչ անենք: Բերք ունենք անսպառ, բայց չենք կարողանում իրացնել”:
Փորձեցինք Դեբեդավանի ղեկավար Վանյա Դամիրչյանից հետաքրքրվել, թե “Սպայկա”-ն քանի հոգու հետ է աշխատում: “”Սպայկա”-ն մեր գյուղից միայն մեկից է դեղձ գնում, որովհետեւ նա ընկերության ուզած սորտի դեղձն ունի: Եվ այն գնում է 125 դրամով: Բայց “Սպայկա”-ն չի հրաժարվում մյուսներից էլ դեղձ գնել, ուղղակի մյուսների դեղձն այդքան էլ բարձր որակ չունի”,-հավաստիացրեց համայնքապետը: “Ժողովուրդ”-ը ,Սպայկաե-ից տեղեկացավ, որ այսօրվա տվյալներով դեռ հստակ տեղեկություն չկա այն մասին, թե ընկերությունը քանի տոննա դեղձ է մթերել կամ մթերելու: 
Իսկ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պնդեց, որ եթե բարձր որակի դեղձ է, ապա “Սպայկա”-ն կարտահանի ամբողջությամբ, իսկ որն էլ վերամշակման կարիք կունենա, կվերամշակվի Արտաշատի պահածոների գործարանում. “Կմթերի Այրումի պահածոների գործարանը, որից հետո կտեղափոխվի Արտաշատի գործարան՝ վերամշակվելու: Բացի այդ, Տավուշի մարզում դեռեւս մասսայական բերքահավաքը սկսված չէ”:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն  53 հազար 422 դրամ բռնագանձելու պահանջով դատի էր տվել ,Այրումի պահածոների գործարանե ԲԲԸ-ին: Հայցի ապահովման համար ընկերության գույքի եւ  դրամական միջոցների վրա արգելանք դնելու՝ հայցվորի ներկայացրած միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի կողմից մասնակի բավարարվել է: Ուշագրավն այն է, որ պահածոների այս գործարանի հիմնական բաժնետերը ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 590 համար




Լրահոս