Արարատի մարզում նոր ամբուլատորիաներ են բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ Նորաբաց գոյւղում մասնակցել է համայնքի նորակառույց բժշկական ամբուլատորիայի բացմանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղի 2190 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր դեռ 1940թ., վթարային վիճակում էր եւ չուներ կոմունալ տարրական հարմարություններ: 
Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ համայնքի բազմաթիվ բնակիչների ուղեկցությամբ ծանոթացել է նորակառույց ամբուլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Նախարարը տեղեկացրել է, որ եկող տարի ամբուլատորիային լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ 
Այնուհետեւ նախարար Դումանյանը մասնակցել է Սայաթ-Նովա համայնքի առողջության առաջնային պահպանման  կենտրոնի բացմանը։ Սայաթ-Նովա եւ Նիզամի համայնքների 4 հազար բնակչությանը սպասարկող կենտրոնը նախկինում տեղակայված էր հարեւանությամբ գտնվող դպրոցի շենքում եւ զուրկ էր կենցաղային տարրական հարմարություններից։
Դերենիկ Դումանյանը նշել է, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա ունենք։ Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ  այս տարի կառուցվում կամ հիմնանորոգվում է եւս 13 ամբուլատորիա, որից 3-ը Արարատի մարզում (Նոր Խարբերդի հիմնանորոգված կենտրոնի բացումը մի քանի օր առաջ է տեղի ունեցել)։ Ամբուլատորիաներում աշխատող բոլոր բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով։
Ընդամենն 8 ամսում կառուցված Նորաբացի եւ Սայաթ-Նովայի կենտրոններում առաջնային բժշկական օգնության համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են։ Նրանք հագեցվել են առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով:
Նախարարը հույս է հայտնել, որ նման պայմաններում մասնագետները հաճույքով եւ ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացեն բնակչության առողջության առաջնային պահպանումը։




Լրահոս