Քննիչին ու մեղադրյալի պաշտպանին անհիմն ամբաստանելու փաստով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քրեական գործի նախաքննությունը կատարող ոստիկանության քննիչին, նույն գործով մեղադրյալի պաշտպանին անհիմն ամբաստանելու եւ սուտ մատնություն կատարելու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ Լոռիի մարզի դատախազ Հ. Ղարախանյանի կողմից քաղաքացիների ընդունելության վերաբերյալ կազմված արձանագրությունը՝ համաձայն որի սթ. հուլիսի 22-ին Լոռիի մարզի դատախազի մոտ անձնական ընդունելության ժամանակ Լոռիի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված մեղադրյալ “Ինեկոբանկ” ՓԲ ընկերության Վանաձոր մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Կամո Աֆիցերյանի կինը՝ Լիանա Խառատյանը, եւ վերջինիս հայր Վլադիմիր Խառատյանը հայտարարել են, որ Կամո Աֆիցերյանին առաջադրված մեղադրանքը նույնը թողնելու եւ չխստացնելու պատրվակով “քննչականին տեսնելու” համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել եւ ստացել է 3000 ԱՄՆ դոլար:
Միաժամանակ հայտնել են, որ Կամո Աֆիցերյանին գրավով ազատ արձակելու պատրվակով “դատավորներին տեսնելու” համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել է 2000 ԱՄՆ դոլար, սակայն պահանջած գումարը պաշտպանին չի տրամադրվել:
Լիանա եւ Վլադիմիր Խառատյանների կողմից նշված հաղորդումներն ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լիանա եւ Վլադիմիր Խառատյանները գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը՝ 2013թ-ի հուլիսի 22-ին, Լոռիի մարզի դատախազի մոտ ընդունելության ժամանակ դիտավորությամբ հայտնել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ՝ Կամո Աֆիցերյանի պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ.Թումանյանի, Լոռիի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով վարույթի հետ առնչություն ունեցող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Լիանա եւ Վլադիմիր Խառատյանների կողմից սուտ մատնություն կատարելու փաստով 2013 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնելու միջնորդությամբ:




Լրահոս