Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր զորաշարժերին: Այդ մասին «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են»,­ – «Արմենպրես»­ի փոխանցմամբ` ասել է Հակոբյանը: ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ:

Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը: «Նա նշել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի` հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին` հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար»,­ – ասել է Հակոբյանը: Հարցին` արդյոք դա այն պահն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում, Հակոբյաննն ասել է: «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ», «Տոս», անօդաչու թռչող սարքեր: Զինադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր և հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով`հայկական կողմը բոլոր կարևորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, և այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որևէ էական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաև հայկական զորքերի վրա ազդելու առումով: Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման գործողությունների, Հակոբյանը նշել է, որ վերջինս մտածում էր արագորեն գրավել առաջնագիծը և շանտաժի ենթարկելու միջոցով՝ հասնել իր ցանկություններին, ինչն Ադրբեջանին չհաջողվեց:

«Նրանք գործի էին դրել Թուրքիայում հատուկ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք համալրված էին անհրաժեշտ զինտեխնիկայով: Ադրբեջանը հաշվի էր առել նաև տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, Ռուսաստան­Թուրքիա հարաբերությունները: Ինչպես գիտեք, երկար ժամանակ հակառակորդը հրաժարվում էր բանակցային գործընթացին մասնակցել և ցանկանում էր փոխել բանակցային ձևաչափը: Այս գործողություններով նա փորձում էր միջազգային հանրությանը ապացուցել, որ եթե իրենց ուզած տարբերակով հարցը չլուծվի, ապա իրենք կգնան նման գործողությունների: Հակառակորդին չհաջողվեց որևէ պլան իրագործել, հայկական ուժերն ապացուցեցին, որ ի զորու են լուծել իրենց առջև դրված խնդիրները»,­ – ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, որ ՊԲ-­ն մշտապես հայտարարել է հակառակորդին ցավոտ պատասխանա տալու մասին` Հակոբյանն ընդգծել է. «Այս չորս օրերը ցույց տվեցին, որ ՊԲ­-ն ինչ հայտարարել է` ունակ է իրականացնել: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծի հայկական զինված ուժերին` իր հայտարարություններն իրականացնել»: Անդրադառնալով ԶՈՒ­ի` զինտեխնիկայով հագեցվածության մասին հարցին, Մովսես Հակոբյանն ասել է, որ ԶՈՒ­ի զարգացման պլանը, որը հաստատել է երկրի նախագահը 4 ամիս առաջ, ենթադրում է նաև արդիական զենքով համալրում և սպառազինության զարգացում, «ինչն այս պահին էլ իրագործվում է»:




Լրահոս