Նա լուրջ մարդ չի, ես չեմ մեկնաբանում նրա ասածները. Մովսես Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից հետո այնտեղ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանն ապրիլի 23-ից արդեն ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում: Այնտեղ նաև անցակետ է տեղադրել: Ի՞նչ զարգացումներ կլինեն այս մասով առաջիկայում:

-Ես որեւէ ակնկալիքներ չունեմ, ես միայն գիտեմ՝ ի՞նչ է կատարվում:

-Ի՞նչ է կատարվում՝ ըստ ձեզ:

-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված կետերն են իրագործվում:

-Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այդպիսի կետ, որ Ադրբեջանը պետք է ամբողջական շրջափակի Արցախը, արգելի հայերի մուտքն այնտեղ, այդ փաստաթղթում գրված է, որ ռուս խաղաղապահները պետք է վերահսկեն միջանցքը եւ ապահովեն այդ տարածքով անվտանգ երթևեկությունը:

-Այդ փաստաթղթում ուրիշ կետ էլ կա, որ պետք է կատարվի: Նոեմբերի 9-ի փաստաթղթի վերջին կետն է, նայած՝ թե ինչ ժամանակացույցով են կողմերը շարժվում, պայմանավորվում:

-Պարո՛ն Հակոբյան, փաստացի ստացվում է, որ Արցախն ամբողջությամբ կտրված է Մայր Հայաստանից, ադրբեջանական կողմն անգամ թույլ չի տալիս, որ սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր մտնեն Արցախ:

-Ի՞նչ կապ ունի՝ այսօր է կտրված, թե՞ վաղը, տարբերությունը որն է:

-Այսինքն՝ Ադրբեջանի այս քայլը սպասելի՞ էր ձեզ համար:

-Ես արդեն հոգնել եմ բացատրել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է, այդ փաստաթղթով ամրագրված է, որ Արցախը հանձնված է Ադրբեջանին, մնացած բոլոր գործողություններն արդեն ժամանակացույցով կատարվող գործողություններ են:

-Պարո՛ն Հակոբյան, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս աղմկահարույց մի հայտարարություն արեց՝ ասելով, որ 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում, երբ թշնամական կողմը կրակել է հայկական դիրքերի, բնակավայրերի ուղղությամբ և տարածքներ է նվաճել, պատշաճ դիմադրության չի արժանացել, զորքը չի կրակել, բայց հիմա արդեն իրավիճակ է փոխվել՝ ու մերոնք ևս անհրաժեշտության դեպքում կրակում են։ Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես չեմ մեկնաբանում նրա ասածները, նա լուրջ մարդ չի:

-Դուք ևս այդ ընթացքում եղել եք առաջնագծում, իսկապես չի՞ կրակել մեր զորքը:

-Իսկ այդպիսի մարդ կա՞, ով գիտի՝ կրակել են, թե՞ ոչ, բացի Անդրանիկ Քոչարյանից:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս