ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս օրերին  Հայաստանում քաղաքական կյանքը, կարելի է ասել, “մեռած” վիճակում է: Մինչդեռ սոցիալական դժգոհությունը գնալով հասունանում է, եւ առաջիկայում սպասվելիք թանկացումներից առաջ հնարավոր է, որ այն պայթի` սոցիալական բունտի տեսքով: Այս իրավիճակում հատկապես տարօրինակ է իրենց ընդդիմադիր  հռչակած քաղաքական ուժերի պահվածքը: Որտե՞ղ են նրանք, ինչո՞վ են զբաղված եւ ի՞նչ են պատրաստվում անել:  Այս հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, սոցիալական այս աննախադեպ լարվածության շրջանում ընդդիմադիր համարվող “Հայ հեղափոխական դաշնակցություն”-ը շատ պասիվ է ու քաղաքական դաշտում որեւէ գործունեություն չի ծավալում: Մինչդեռ հասարակությունը Ձեր կարիքը շատ ունի: Ինչո՞վ է ընդհանրապես զբաղված ՀՅԴ-ն:
-“Հայ հեղափոխական դաշնակցություն”-ը, ինչպես միշտ, գործում է Հայաստանում ու իր ծրագրերն իրականացնում թե՛ կուսակցական, թե՛ հանրային նշանակության հարցերի փուլում աշխատանքներ կատարելու միջոցով: Բնականաբար, թեեւ արձակուրդային շրջան է, բայց մենք աշխատում ենք Հայաստանի առջեւ ներկա փուլում ծառացած խոշորագույն մարտահրավեր համարվող արտագաղթի կասեցման ծրագրի վրա եւ հուսով ենք, որ ակտիվության շրջանին համապատասխան՝ մենք մեր այս առաջարկությունները կներկայացնենք, կհրապարակենք եւ հանրությանը կփորձենք համախմբել այդ ծրագրերի շուրջ: Իսկ երկրորդ կարեւոր հարցը, որն այժմ քննարկում ենք, վերաբերում է տրանսպորտի ռազմավարությանը: Դրա հետ կապված՝ կան առաջարկներ, որոնց շուրջ մենք նույնպես աշխատանքներ ենք տանում:
-Ընդդիմություն համարվող “Ժառանգություն” կուսակցությունը մոտավորապես 20 օրվա համար Ազատության հրապարակը “բրոնյա” է արել` հանրահավաքներ անցկացնելու նպատակով: Չե՞ք կարծում, որ եթե “Ժառանգություն”-ն ակտիվանա, Ձեր կուսակցությունն իր առաջարկներով կհայտնվի “լուսանցքից” դուրս:
-Չեմ կարծում, քանի որ ամեն մեկն իր ռազմավարությունը, իր տակտիկան ունի, մենք էլ ենք աշխատում, հաջողություն եմ մաղթում բոլոր քաղաքական ուժերին, ովքեր որ կփորձեն ակտիվ լինել այս ընթացքում: Բայց նշեմ, որ “Դաշնակցություն”-ը միշտ էլ ակտիվ է եղել ու շարունակում է լինել: Իհարկե, չգիտեմ, թե Ձեր նշած ակտիվությունն ասելով` ինչ նկատի ունեք, եթե հրապարակային լինելն է ակտիվության չափորոշիչը, ապա մենք դա պլանավորում ենք առավել ակտիվ ժամանակահատվածում իրականացնել: Ու նաեւ հասարակության համախմբման միջոցն ապահովել:
-ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե ձեր կողմից քննադատվելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել “Դաշնակցությանը”` փորձելով “քանդել” կուսակցությունը: Չե՞ք կարծում, որ ՀՅԴ-ն իր պասիվ գործունեությամբ նպաստում է այդ պրոցեսին:
-Տերմինաբանությունը,  որն օգտագործում եք, բացարձակ ինձ համար ընդունելի չէ՝ քանդել, ավիրել, չգիտեմ ինչ: Երկրորդն էլ` այն, ինչ ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը, արդեն ասել է, ես ավելացնելու բան չունեմ: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության ակտիվ գործունեությանը, ես արդեն նշեցի, որ կուսակցությունն իր ակտիվությունը ցուցաբերել է, եւ որեւէ մեկը չէ, որ պետք է կողքից փորձի, չգիտեմ, գնահատական հնչեցնել կուսակցության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին: “Դաշնակցություն”-ն այն միավորն է, որն ունի կամք, ունի վճռականություն` իր խնդիրներն ինքնուրույն քննարկելու եւ լուծելու համար:
-Իսկ “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունը քաղաքական նոր պլատֆորմով է ցանկանում հանդես գալ` աշնանը քաղաքական նոր ալիք բարձրացնելու նպատակով…
-Ես նման ինֆորմացիայից տեղյակ չեմ, ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանի “Հայ ազգային կոնգրես”-ը: Մի բան ես հստակ կարող եմ ասել, որ հասարակությունում իսկապես անհրաժեշտ է համախմբում, այն, ինչ մենք անընդհատ փորձում ենք անել, փորձում են անել տարբեր քաղաքական միավորումներ: Արդեն համազգային համախմբման ժամանակն է: Ժամանակն է խոսքից գործին անցնելու: Իսկապես երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն այլեւս թույլ չեն տալիս շռայլության ու ավելորդության: Ու չպետք է թույլ տալ անգամ տեսական բախումների: Մենք այժմ այլ լուրջ խնդիրներ ունենք լուծելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 592 համար




Լրահոս