ՌԴ-Ն ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի իշխանությունները սկսել են ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը, ընդ որում, բավական ստորացուցիչ մեթոդներով: Մի կողմից ռուսները դժվարացրել են ՌԴ այլ երկրի քաղաքացիների մուտքը, անգամ եթե նրանց փաստաթղթերը կարգին են: Մյուս կողմից Մոսկվայում քաղաքային իշխանությունների պահանջով դադարեցվել են մի քանի խոշոր շուկաների աշխատանքները, իսկ այնտեղ աշխատող ապօրինի ներգաղթյալներին պատրաստվում են վերադարձնել իրենց հայրենիք: Լրատվամիջոցներն արդեն տարածել են համապատասխան լուսանկարներ, որոնք վկայում են ռուսական իշխանությունների կողմից այդ մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Միգրանտների հետ ՌԴ-ում վարվում են, ինչպես վերջին հանցագործի:
ՌԴ իշխանություններն իրենց քայլերը մեկնաբանում են ՌԴ-ում էթնիկ հանցավոր խմբավորումների ամրապնդմամբ: Դեռեւս 2012թ. հունվարին այն ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել միգրացիոն քաղաքականության խստացման նախաձեռնությամբ` առաջարկելով քրեական պատասխանատվության ենթարկել միգրացիոն կանոնները խախտողներին: ՌԴ-ն մտադիր է իրենց երկրներ վերադարձնել 1 մլն-ից ավելի միգրանտի, որոնցից մոտավոր հաշվարկներով 200 հազարը ՀՀ քաղաքացիներ են:
Նկատենք, որ ՌԴ-ի տեսանկյունից իշխանությունների այդօրինակ գործողությունները միանգամայն արդարացված են եւ բխում են իրենց շահերից: Սեփական երկրում ապօրինի միգրանտների ներկայությունը հազիվ թե որեւէ իշխանություն տարիներ շարունակ հանդուրժի: Սակայն սա` միայն ՌԴ տեսակետից: Այնինչ միշտ չէ, որ ռուսական շահը համընկնում է ուրիշների շահի հետ:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ 
ՇԱՀԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Եվ հարց է առաջանում, թե ինչու են ռուսները հենց այսօր սկսել այդօրինակ գործողությունները: Քաղաքականության մեջ, սովորաբար, պատահականություններ չեն լինում: Այնպես որ, տեղի ունեցածը շաղկապված է լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրների հետ: Մասնավորապես, տեսակետ կա, որ ՌԴ-ն նոր թափով է ձեռնամուխ եղել Մաքսային միասնական միության ստեղծմանը, եւ նմանօրինակ քայլերով փորձում են ԱՊՀ երկրներին հստակ հասկացնել` “եթե ցանկանում եք անարգել մուտք գործել ՌԴ, պետք է անդամակցեք Մաքսային միասնական միությանըե: Ասել է թե՝ ՌԴ-ն փորձում է ներդնել ,շենգեն վիզայիե ռուսական մոդելը, երբ ՌԴ առանց խոչընդոտների կարող են մուտք գործել Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիները: Այս առումով պատահական չէ, որ ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի թիրախի կիզակետում են հայտնվել ԱՊՀ երկրների քաղաքացիները: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն ԱՊՀ մի շարք երկրների` Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հետ սկսել է ասոցացման գործընթաց, եւ հիմա ՌԴ-ն այդպես “ատամ է ցույց տալիս”:
ՖՈՐՊՈՍՏԱՏԻՐՈՋ 
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՌԴ-ի` ապօրինի միգրացիայի դեմ պայքարի թիրախում են հայտնվել նաեւ հայաստանցիները` ՌԴ ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի քաղաքացիները: Միայն թե, ռազմավարական գործընկեր երկրի քաղաքացիների հանդեպ ռուսական իշխանությունները վերաբերվում են, ինչպես իրենց ֆորպոստի բնակիչների:
Չնայած արդեն մի քանի օր շարունակվող իրադարձություններին, Ռուսաստանի հայերի միությունն իր հերթին, ՀՀ իշխանություններն իրենց հերթին քար լռություն են պահպանում. ԱԳՆ-ն այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքել ՀՀ քաղաքացիների նկատմամբ կատարվողին: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, իր սովորության համաձայն, հերթական անգամ անպատասխան թողեց “Ժողովուրդ”-ի՝ իրենց գերատեսչությանն ուղղված հարցումը: Ասել է թե՝ ՀՀ պետբյուջեից սնվող այդ կառույցը զլանում է որեւէ գործողություն իրականացնել:
Իսկ մինչ այդ, կատարվածի մասին զրուցեցինք “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ, ով խորհուրդ տվեց դա դիտել գեոքաղաքական շահերի դիրքերից. “Առաջիկայում Հայաստանի առաջ ծառացած պրոբլեմները գնալով շատանալու են, եթե իշխանությունները շարունակեն իրենց անմիտ, անգլուխ քաղաքականությունը: Հիմա խնդիրը ՌԴ-ի հետ է, հետո խնդիրներ են լինելու նույնիսկ Իրանի հետ”:
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ
Ի դեպ, ապօրինի միգրացիայի դեմ ՌԴ իշխանությունների պայքարը բացասական հետեւանքներ է ունենալու Հայաստանի վրա: Բանն այն է, որ այդ միգրանտները ՌԴ էին մեկնել սոցիալական ծանր վիճակից դրդված` իրենց ընտանիքները պահելու համար օրվա հաց վաստակելու նպատակով: Ու հիմա նրանց հարկադրաբար Հայաստան վերադարձնելով՝ պարզապես ավելացնում են գործազուրկների բանակը` սրելով սոցիալական բեւեռացվածությունը: Ի վերջո, այդ ընտանիքներն այս տարիներին գոյատեւել են հենց ՌԴ-ում գտնվող իրենց ազգականների ուղարկած տրանսֆերտների հաշվին, եւ այսպես, փաստորեն, կտրվում է նրանց եկամտի աղբյուրը:
Հ.Գ. Չի բացառվում, որ այս իրավիճակի հետեւանքով Հայաստանում հեղափոխական իրավիճակ հասունանա, ընդ որում, մեծ տեմպերով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 592 համա




Լրահոս