ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՐԴԵՆ ԵՐԵԽԱ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օգոստոսի 5-ին Վանաձորում երեխայի առքուվաճառքի դեպքին Լոռու մարզի պաշտոնատար անձանց մասնակցությանը, ասաց, որ եթե պարզվի՝ այդ մարդիկ մեղավոր են, «ուրեմն ազգովի պետք է այդ երկուսի դեմքին թքենք»:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ օգոստոսի 5-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից երեխայի առքուվաճառք կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզի վարչություն են բերման ենթարկվել Աննան, Գեղեցիկը, Սերինեն, Նարեկը, Արշալույսը եւ Գայանեն: Պարզվում է, որ այս անձինք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի, 1980թ. ծնված Ալլայի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վաճառել 2009թ. ծնված Ռիմային: Ավելի ուշ բերման ենթարկվածներից Աննան եւ Գեղեցիկը ձերբակալվել են:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին Գեղեցիկը երեխայի վաճառքի համար Ալլայից պահանջել եւ ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական համաձայնության, Ալլան պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում: Համաձայն տեղեկությունների՝  բերման ենթարկված Արշալույսը Վանաձորի մանկատան տնօրենն է, իսկ Նարեկը՝ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության բաժնի պետը: Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքն արձակուրդի մեջ է եւ երբ վերադառնա, այն ժամանակ կպատասխանի մեր հարցերին:
Իսկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ Արշալույսը Վանաձորի մանկատան տնօրենն է, իսկ Նարեկը՝ մարզպետարանի աշխատակից:
-Պարո՛ն Դարբինյան, ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Լոռու մարզի պաշտոնատար անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն` երեխայի առքուվաճառք կատարելու կասկածանքով:
-Ես իրենց շատ լավ գիտեմ, նրանք այդպիսի բան չեն անի: Նարեկն այդպիսի բան չէր անի, ինչ վերաբերվում է Արշալույսին, ինձ թվում է, որ նա էլ չէր համարձակվի այդպիսի բան անել: Իրենք լավ գիտեն, որ դա աշխարհի ամենամեծ ստորությունն է: Հիմա ոչ մեկը չի կարող լիարժեք պատասխան տալ:
-Դուք անձամբ ճանաչո՞ւմ եք Նարեկին եւ Արշալույսին:
-Այո՛, եւ միշտ օգնում ենք Արշալույսին, որ մանկատան երեխաներին լավ պահեն, իսկ Նարեկը շատ-շատ հարգված մարդ է: Նարեկն այդպիսի բան թույլ չի տա: Արշալույսն էլ շատ լավ գիտի օրենսդրական դաշտը, եւ չեմ կարծում, որ այդպիսի ստորություն թույլ տա:
-Իսկ եթե հակառակն ապացուցվի՞:
-Ուրեմն ազգովի պետք է այդ երկուսի դեմքին թքենք:
-Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք է, որ ստորության են գնում պաշտոնատար անձինք:
-Դե գիտեք, հիմա ոչ ոք ստույգ բան չի կարող ասել: Չեղածի համար հետեւություն չեն անում,  երբ որ ամեն ինչ պարզվի, նոր կիմանանք, թե ինչ հանգամանքներում, ով կամ ինչ է արել:
-Իսկ Ալլան, Գեղեցիկը, Գայանեն եւ Սերինեն Վանաձորի բնակիչնե՞ր են:
-Ո՛չ, նրանք Վանաձորից չեն, պարզապես դա ցանկացել են անել այստեղ, այլ բան չգիտեմ: Եվ այս երեւույթին շատ վատ եմ վերաբերում:
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս