ՀԱԿԱՍԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը հեգնող  Սերժ Սարգսյանի թիմը փորձում է նույն կոմպլեմենտարությունը մատուցել ավելի անտաղանդ փաթեթավորմամբ` հրապարակ նետելով «եւ, եւ»-ի սկզբունք հասկացությունը, Հայաստանի շուրջ օղակը գնալով ավելի ու ավելի է սեղմվում: Եվ զենքի վաճառքի մեկ միլիարդանոց գործարքից, ՌԴ-ում հայ ներգաղթյալների դեմ սանձազերծված «պատերազմից» հետո Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարած այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերվելիք տնտեսական եւ ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանավորվածություններn արդեն իսկ գործնականում ցույց են տալիս, թե ինչպիսին են Սերժ Սարգսյանի ասած` «Եվ, եւ-ի» սկզբունքի կիրառման հեռանկարները: Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով է ճիշտ կամ սխալ իրար հակադրել տնտեսական եւ ռազմաքաղաքական ինտեգրացիոն ուղղությունները` այդ ընթացքում անհասկանալի համառությամբ պնդելով, թե դա ոչ թե հակադրում է, այլ համադրում, նշենք, որ անգամ այդ, այսպես կոչված, համադրման հարցում էլ ՀՀ իշխանությունների ներսում միասնական մոտեցումը եւ միասնական քաղաքական գիծը բացակայում է: Եվրոպակա՞ն, թե եվրասիակա՞ն ինտեգրացիա հարցադրման հետ կապված վերջին ամիսներին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն անում են միմյանց հակասող հայտարարություններ: Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի առաջարկած Մաքսային միության գաղափարը որեւէ կերպ չի հակասում Եվրամիությանն ավելի սերտորեն ինտեգրվելու Հայաստանի մղումներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տարբեր առիթներով թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում նշել է, որ մեր երկիրը խնդիր չի տեսնում Մաքսային միությանն անդամակցելու մեջ, եւ որ այդ նպատակով երկուստեք համաձայնագրերի մշակման գործընթացի համար որեւէ արգելք չկա: Մինչդեռ նախօրեին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եվրոպական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել միանշանակ հայտարարությամբ` նշելով. «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»: Փաստորեն, այդպիսով Շավարշ Քոչարյանը բացահայտել է այն դիվանագիտական սուտը, որը ամիսներ շարունակ շրջանառում են նրա վերադասները` փորձելով կողմերին համոզել, թե իրականում արեւը ծագում է արեւմուտքից: Եվ այստեղ հարց է առաջանում. ինչի՞ արդյունք է Շավարշ Քոչարյանի այդ հայտարարությունը: Դա պարզապես իրերն իրենց անունով կոչելու պոռթկո՞ւմ է, թե՞ ոչ արհեստավարժ պահվածք: Իհարկե, հիմնական ասելիքը պարունակող այդ հայտարարությունից հետո նա փորձում է վստահեցնել, որ Հայաստանի ` անվտանգության եւ տնտեսական համագործակցության տարբեր ուղղությունները` ի դեմս Ռուսաստանի եւ ԵՄ-ի, ոչ թե հակասությունների, այլ պարզապես տարբեր տիրույթներում են,  սակայն դա արդեն զուտ դիվանագիտական դատարկաբանություն է, որով այլեւս որեւէ մեկին խաբել հնարավոր չէ:




Լրահոս