ԺՊ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի արդեն նախկին կառավարիչ Արտյոմ Մկրտչյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակված երեւանաբնակ Տիգրան Խաչատրյանն այս օրերին զբաղված է բանկում «վերադասավորումներ» իրականացնելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Տ. Խաչատրյանը պատրաստվում է առաջիկայում հիմնովին փոխել բանկի անձնակազմը, այժմ  հերթը հասել է բանկի գլխավոր հաշվապահին, ում փոխարեն նա ցանկանում է նշանակել իր յուրայիններից մեկին:
Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել էին Վարդենիսի մասնաճյուղի «Արդշինինվեստբանկ»-ում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չէին կարողանում հետ ստանալ դրանք, քանի որ բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են:  Մեր հրապարակումից հետո «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը տուժած քաղաքացիներին իր մոտ էր հրավիրել եւ բանկի` երեւանյան գլխամասի ներկայացուցիչների ներկայությամբ հետ վերադարձրել նրանց գրավադրած ոսկեղենը: Ու անգամ ներողություն խնդրել քաղաքացիներից` նրանց անհանգստացնելու համար:
Դեպքից հետո «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Ա. Մկրտչյանն ազատվեց աշխատանքից, ու տեղի ունեցած բանկային մեքենայությունների փաստի առթիվ հուլիսի 23-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել բանկի կառավարչի ներկայիս ԺՊ Տ. Խաչատրյանի հետ, ով եւս անմասն չի մնացել Ա. Մկրտչյանի կատարած կասկածելի գործողություններից: Երբ քաղաքացիներին պարզ էր դարձել, որ իրենք խաբվել են բանկի կողմից, գնացել էին Մկրտչյանի սենյակ՝ պարզաբանում ստանալու: Այնտեղ էր եղել նաեւ Տ. Խաչատրյանը, որ «թելել էր Ա. Մկրտչյանի թելը», գոռգոռացել քաղաքացիների վրա ու հայտարարել.  «Գնացե՛ք, կտրոն տված աշխատակցից պահանջեք ձեր գումարները»:
«Ժողովուրդ»-ը փորձեց բանկի կեղծ կտրոններ տված աշխատակից Օլգա Ավագյանից պարզել, թե ինչ է կատարվում իր շուրջ, սակայն չստացվեց: Օլգայի հեռախոսն արդեն քանի օր է` անջատված է:
Իսկ երբ բանկի կառավարչի ԺՊ Տիգրանից հետաքրքրվեցինք, թե ինչ վերադասավորումներ է կատարում բանկում, նա անմիջապես հերքեց. «Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ, գլխավոր հաշվապահին տվյալ պահին ես չեմ պատրաստվում փոխել: Եթե փոփոխություններ լինեն, իմ կարծիքով, դուք առաջինը կիմանաք»,-նշեց մեր զրուցակիցը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս