ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՔԵՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՇԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն տեսակետը, թե հայ օլիգարխներն իրականում իշխանության զոհերն են, միգուցե շատերին անհավատալի թվա: Սակայն դա իրականություն է, քանի որ այսօր Հայաստանում նույն օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սեւ դրամարկղ», քան պետական բյուջե: Ընդ որում, այսօր արդեն «սեւ դրամարկղը» գնալով նորանոր ձեւեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել» է:
Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Եվ այսպես, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն անձամբ Սերժ Սարգսյանն է, իսկ վարչապետ Տ. Սարգսյանն էլ հոգաբարձուների խորհրդի անդամներից է, նախորդ տարի ստացել է 1 միլիարդ 920 միլիոնից ավելի գումար: Եվ գիտե՞ք, թե ովքեր են այդքան շռայլ եղել «Լույս» հիմնադրամի հանդեպ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ն, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, «Արդշինինվետսբանկ»  ՓԲԸ-ն ու «Ղ Տելեկոմ» ՓԲԸ-ն: Թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին, վերջինիս հաշվետվության մեջ նշված չէ:
Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին նվիրատվություն իրականացրած անձանց թիվը ավելի շատ է, եւ տպավորւթյուն է, թե այս հիմնադրամը պետական ռեկետով է զբաղված: Այդ հիմնադրամին վճարել են Հայաստանում գործող բոլոր ազդեցիկ կազմակերպությունները՝  «Հայռուսգազարդ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրացանցներ», «Գյումրիի քաղաքապետարան», որի ԲՀԿ-ական ղեկավար Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ն սատարում էր ՏԻՄ ընտրություններում, «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ, որը պատկանում է Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին, «Մաքս կոնցեռն», որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին, «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, «Արփա-Սեւան» ԲԲԸ, որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, «Եվրոստան Ույուտ», որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն է, «Ավշար գինու գործարան», որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է, «Արարատ բանկ», որը պատկանում է հայտնի «Ֆլեշ Բարսեղին»՝ Բարսեղ Բեգլարյանին (Սերժ Սարգսյանի քավորին): Բացի այդ, Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին նվիրատվություն են իրականացրել «Արդշինինվեստբանկը», «Ագբա-կրեդիտ-Ագրիկոլ բանկը», «Կոնվերս բանկը», ինչպես նաեւ այլ կազմակերպություններ ու անհատներ:
«Նորավանք» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նվիրատվություններ է ստացել «Հայռուսգազարդից», «Արցախբանկից», ինչպես նաեւ՝ կառավարության աշխատակազմից: «Քաջարան» բարեգործական հիմնադրամին էլ նվիրատվություն են իրականացրել կրկին «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը, որի անունը տեսանք «Փյունիկ» հիմնադրամի նվիրատուների ցանկում: Բացի այդ, այնտեղ վճարել են «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշոն» եւ այլ կազմակերպություններ:
Երեւանի քաղաքապետարանի հիմնած «Երեւան» հիմնադրամի ֆինանսական միջոցների մի մասը գոյացել է քաղաքապետարանանի բյուջեից, մյուս մասը՝ կրկին գործարարների նվիրատվություններից: Ընդ որում, «Երեւան» հիմնադրամի միջոցները պահվում են նույնքան գաղտնի, որքան պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները:
Ըստ էության, ՀՀԿ երիտմիության կրկնօրինակ հանդիսացող «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի միջոցները եւս գոյացել են տարբեր օլիգրախների պատկանող ընկերությունների արած «նվիրատվություններից»: Ի դեպ, Արմավիրի մարզի գյուղերում այս տարվա սկզբին տեղի ունեցած կարկտահարությունից տուժածներին օգնելու համար եւս բացվել էր հիմնադրամ, եւ կրկին բոլոր օլիգարխներին հանձնարարել էին, ըստ քվոտաների, նվիրատվություն կատարել: Ընդ որում, հանձնարարականն իջեցվել էր անձամբ Սերժ Սարգսյանի անունից:
Ինչեւէ, այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Սակայն նշվածն էլ բավական է պատկեր կազմելու, թե ինչ վիճակ է տիրում երկրում: Ընդ որում, ներկայացվածը ընդամենը նվիրատվությունների տեսքով արված վճարներն են: Թե, բացի այս ամենից, ուրիշ ինչ գումարներ են վճարում «նալոգի տեսքով» անձամբ իշխանության բուրգի գագաթին գտնվողներին, մնում է միայն ենթադրել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս