ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՒՐՔԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Ռիզա Կայաալփն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) կողմից որակազրկվել է 6 ամսով՝ հայերի եւ հույների դեմ ռասիստական բնույթի մեկնաբանություններ անելու համար։
Թուրք ըմբիշը Twitter-ի իր էջում հայերին մեղադրել էր Թաքսիմ-Գեզիի այգում անկարգություններ կազմակերպելու մեջ։ Կայաալփը 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի գավաթակիր, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն:

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԿԴԱՏՎԵՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 10-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած մրցավարներ Անդրանիկ Արսենյանի եւ Հովհաննես Ավագյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել:
Կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու համար հայ մրցավարներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսավոր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը):
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՖՖ գործկոմը մրցավարներին ցմահ որակազրկելու որոշում էր կայացրել:
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
Օրերս Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալված  «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանի կալանքը երկարաձգվել է 72 ժամով: Հիշեցնենք, որ Առաքելյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` մեկ այլ «հեղինակության»` Սաշա Աբբասի սպանության մեղադրանքով: Դեդ Հասանի սանիկ Առաքելյանը կլանի կողմից  «թագադրվել էր» 2012թ.-ին:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ
«Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային կազմակերպության տվյալներով`  2013 թվականին իրենց արհեստավարժ պարտականությունների կատարման ժամանակ աշխարհում սպանվել է 28 լրագրող: Հաշվետու ժամանակահատվածում սպանվել է նաեւ 1 մեդիա-ասիստենտ, 12 բլոգեր եւ քաղաքացիական լրագրող: Երեք լրագրող սպանվել է Բրազիլիայում, երկուսը` Եգիպտոսում, մեկը` Հոնդուրասում, երկուսը` Հնդկաստանում, վեցը` Պակիստանում, երկուսը` Մեքսիկայում, մեկը` Պարագվայում, երկուսը` Սոմալիում, մեկը` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, յոթը` Սիրիայում, մեկը` Ռուսաստանում:




Լրահոս