ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ հետեւանքներ կարող են առաջանալ այն դեպքում, երբ բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցում չի կատարվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ, եթե անձը մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում եւ 04.10.2005թ. ՀՕ-188-Ն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելիս՝ փոխհատուցումը կատարվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված կարգով:
Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա իրավունքի դադարեցման դեպքում փոխհատուցման իրավունքից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով: («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32 հոդված):
կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես տեսնում ենք, ներկայացված է կարգը, բայց նախընտրելի է նման իրավիճակներում չհայտնվելու համար ավելի ուշադիր լինել եւ ժամանակին կատարել բոլոր պետական մուծումներն ու գրանցումները: