Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Bloomberg»-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն էլ հայտարարել է, թե պատերազմի դեպքում հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ: Արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը:

– Ոչ, հայկական կողմն պարզապես ճիշտ դիրքորոշում է ներկայացնում: Այն դիրքորոշումը, որը հայտնում է հայկական կողմը փոխկապակցված է մադրիդյան սկզբունքների հետ: Իհարկե, առանց կրակի դադարեցման, առանց անվտանգության երաշխիքների, որ կրկին պատերազմ չի լինի, Լեռնային Ղարաբաղի հարցով լուրջ բանակցություններ անցկացնել հնարավոր չէ:

– Իսկ ի՞նչ սպասել արդյունքում:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է փոխի հիմնախնդրի կարգավորման շուրջ մոտեցումը և բանակցությունների մեջ պետք է ներառել նաև Ստեփանակերտին: Նախկին մոտեցումներով ինչ-որ բանի հասնել արդեն հնարավոր չէ. դրանք իրենց սպառել են: Պետք է գնալ գործնական որոշումների, ինչպես ուկրաինական ճգնաժամի դեպքում էր. հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին պետք է նստեցնել բանակցությունների սեղանին: Երևան-Բաքու երկխոսությունն արդեն սպառել է իրեն:

– Իսկ ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը, ի՞նչ սպասել Ռուսաստանից:

– Ռուսական կողմը մշակում է իր սեփական որոշումները: Ռուսական կողմն արդեն հիմա Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է որոշակի փուլում ներգրավվի բանակցություններում: Հիմա պետք է հնարավորություն ստեղծել մոնիթորինգի համար, իսկ հետ արդեն մտածել ինչպես վերսկսել բանակցությունները: Ես մտածում եմ` ռուսական կողմը կպնդի, որ այդ նոր ֆորմատում պետք է ներգրավվի նաև Ստեփանակերտը: 

– Ռուսաստանի և Արևմուտի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք:

– Ամենահետաքրքիրն հենց այն է, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների միջև տարբերություններ չկան: Երկկողմանի հայտարարությունների միջև ոչ մի տարբերություններ չկան:

– Հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանն ո՞ւմ կողքին է կանգնելու:

– Ես չեմ մտածում` Ադրբեջանը կդիմի պատերազմի: Ադրբեջանը հիմա անհաջող կերպով դիվանագիտական ասպարեզում է փորձում հաջողությունների հասնել: Ո՞ւմ կողքին կկանգնի Ռուսաստանը… ղարաբաղյան հարցը Հայաստանի խնդիրն է, Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր գործընկերն է, և մենք կկատարենք մեր պարտականությունը:»

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը 

 




Լրահոս