«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհի, երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ իր դրական վերաբերմունքը հայտնեց հայ երիտասարդների վերջին շրջանի ակտիվության մասին ու նաեւ նկատեց, որ զարմանում էր, թե ինչու էին նրանք այսքան երկար լռում: Երգահանը նաեւ կարծիք հայտնեց, որ այդ շարժումը գուցե եւ այդքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ լավ կազմակերպված էր որոշ քաղաքական ուժերի կողմից:
-Կարծիքը, որ այս շարժումը կազմակերպված էր, առկա է, քիչ թե շատ կասկած կար գիտակից մարդկանց մոտ, այն ներկայացվել է ինքնաբուխ կերպով, բայց եւ ծրագրված է եղել: Պարզապես ես չէի ցանկանա, որ մեր երիտասարդները գործիք դառնային որոշ ուժերի ձեռքին: Կուզենայի` երիտասարդությունն այդ գիտակցությանը գար, որ հասարակության երակը, պահողը հենց ինքն է, ու աշխարհի բոլոր հեղափոխությունները երիտասարդներն են անում, ոչ հասուն մարդիկ: Կարեւոր է, երբ երիտասարդությունը արթուն է ու քաջ: Շատ դեպքեր գիտենք, որ այս պետության մեջ արդարացի հաղթանակներ չեն լինում, ու երբ հաղթանակ է լինում, ակամա կասկածի տակ ես առնում:
-Ազնիվ հաղթանակների չե՞ք հավատում:
-Հազվագյուտ են դրանք ու ոչ շատ կարեւոր հարցերի շուրջ: Վերցնենք հենց երթուղայինների թանկացումը, սկզբում այս խնդրի լուծումն անհնարին էր թվում, իսկ հետո լուծվեց, ինչը կասկածի առիթ դարձավ:
-Ի՞նչ եք կարծում, սա ժամանակավո՞ր լռություն է, նորից կթանկանա՞, ինչպես դա արվեց գազի, ջրի, լույսի, հացի ու մնացած այլ բաների դեպքում:
-Ամեն դեպքում ամեն ինչ կախված է հասարակությունից: Ես ընդունում եմ, որ հասարակությունը` ժողովուրդը, շատ հզոր ուժ է, չէ՞ որ նա նաեւ քանակական առումով ավելի շատ է, քան իշխանությունը: Կարեւոր բան է, որ ժողովուրդը տեր կանգնի իր իրավունքներին:
-Բայց միշտ չէ, որ ժողովրդի ձայնը տեղ է հասնում:
-Դրա համար էլ արդարացի է հայ ժողովրդի հուսահատությունը:
-Գուցե հենց այդ հուսահատությո՞ւնն է, որ շատերին ստիպում է արտագաղթել:
-Գիտեք ինչն է ցավալի, որ նույնիսկ նրանք, ովքեր դեռ չեն գնացել, արդեն իրենք էլ մտածում են գնալու մասին: Ուրեմն նրանք արդեն ապրուստի մինիմումը չեն կարողանում ապահովել:
-Դուք երկար տարիներ ապրել եք Մոսկվայում, բայց վերադարձել եք հայրենիք: Հիմա, երբ այստեղ եք, ու այս վիճակն է, հաճա՞խ եք համեմատում դրսի կյանքն այստեղինի հետ:
-Միշտ էլ համեմատել եմ, համենայնդեպս վերջին տասնամյակներին: Կոնկրետ Մոսկվայում ինձ համար ապրելը շատ ավելի հեշտ էր, օպտիմալ ու ռացիոնալ է եղել թե՛ ստեղծագործական, թե՛ աշխատանքային առումով: Դրսում իմ մասնագիտության համար ինձ նկատել ու գնահատել են: Իսկ այստեղ…
-Հիմա ցանկություն չի՞ առաջանում կրկին ճամպրուկները հավաքել ու հեռանալ:
-Երբեմն թռուցիկ ցանկություն առաջանում է` կախված ֆինանսական վիճակից, բայց այսօր արդեն մտածում եմ, որ մարդը՝ որպես միավոր, շատ կարեւոր է այստեղ մնալու համար: Թեկուզ դժվարությամբ կարողանում եմ այստեղ գոյությունս պահել, պիտի աշխատեմ մնալ, որովհետեւ գնալը միշտ էլ կա: Գիտակցաբար մնում եմ, ու լավ կլինի, որ բոլորն էլ, ովքեր քիչ թե շատ կարողանում են այստեղ ապրել, չհեռանան: Սա արդեն ռազմավարական խնդիր է: Վերջին 20 տարիներին նկատել եմ, որ երիտասարդները շատ են գնում, մեր ժամանակ, երբ պատերազմը սկսվեց, շատ աղջիկներ ասում էին՝ զենք ենք վերցնում, գնանք մարտի դաշտ: Այսօրվա իրավիճակը բոլորովին այլ է, մարդիկ փախչում են, հեռանում, չեն պայքարում իրենց հողի համար: Ես հիմա երիտասարդներին դաս եմ տալիս ու զգում եմ, որ նրանց մեջ հայրենասիրություն չի դաստիարակվել: Շատ ցավալի է ու վտանգավոր:
-Կա՞ հատուկ մեթոդ, որով Դուք փորձում եք նրանց մեջ հայրենասիրություն սերմանել:
-Իհարկե, պատմության օրինակներով, որոնք ուսուցիչները սիրով չեն տվել: Շատ կարեւոր պատմական դրվագներ կան, որ նրանց պետք է ներկայացնել, որպեսզի նրանք հետաքրքրվեն, իմանան: Իմ խմբերում չնայած վոկալ եմ դասավանդում, բայց պարտադիր է հայոց լեզու իմանալը, որոշակի ժամեր եմ հատկացնում եկեղեցու պատմության, կրոնաբանության մասին խոսելուն: Վերջերս խումբ ունեի, որտեղ անգամ մեկը «Հայր մերը» չգիտեր: Սա մինչեւ 20 տարեկանների խումբ էր: Ուսուցչից շատ բան է կախված, ցավոք, վերջին տասնամյակում ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ դպրոցներում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
ԱԿԱՄԱ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԵՍ ԱՌՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ