Ինչ կստանանք Արցախի ճանաչման դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչման միտումը հստակ դժգոհություն առաջացրեց արտաքին կենտրոնների մոտ: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի անհամաձայնությունը ցույց տվեց, որ աշխարհն առայժմ այդ քայլի հանդեպ դրականորեն տրամադրված չէ: Հայաստանի համար Արցախի ճանաչումը ինքնանպատակ կլինի, եթե այդ քայլը դրական արձագանքի չարժանա ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի կողմից: Ուստի դժվար է պատկերացնել, թե ի՞նչ ենք շահելու այսօրվա պայմաններում Արցախի անկախության ճանաչման միակողմանի ակտից:

Ակնհայտորեն, Հայաստանն այդքան ուժեղ չէ այսօր, որ միակողմանիորեն կարողանա ճանաչել Արցախի անկախությունը: Հաշվի առնելով հայաստանյան քաղաքական էլիտայի ռուսահպատակության բարդույթը` կասկածելի է, որ Սերժ Սարգսյանն այդքան համարձակություն կունենա Ռուսաստանին նման փաստի առաջ կանգնեցնելու համար: Դա հաստատապես անհնար է նախ Հայաստանի տնտեսա-քաղաքական ռեսուրսների սահմանափակության պատճառով, եւ ապա պայմանավորված է իշխանության` Ռուսաստանից ունեցած կախվածությամբ:

Կասկածից վեր է, որ Արցախի անկախության ճանաչումը զգալիորեն խաթարելու է հայ-ռուսական հարաբերությունները:

Այն փաստը, որ տարիների ընթացքում իշխանությունների ինքնանպատակ գործողությունների արդյունքում Հայաստանը դարձել է Ռուսաստանի ֆորպոստը, կարծես այլեւս բանավեճի ենթակա էլ չէ: Այժմ, ինչպե՞ս է հնարավոր, որ ֆորպոստը հանդգնի դեմ դուրս գալ կենտրոնին: Եթե նույնիսկ հասկացել ենք, թե ինչ ավերիչ քաղաքականություն է վարվել նախորդ տարիներին, այս պահին անթույլատրելի է այդ ամենին պատասխանել նույնօրինակ ծայրահեղությամբ: Ռուսաստանի հետ հարաբերություններում ցանկացած անզգույշ քայլ, եւ հատկապես Արցախի անկախության ճանաչման ակնհայտ դեմարշը, հղի է կործանարար հետեւանքներով: Ռուսաստանից ունեցած ներկայիս գերկախվածության պայմաններում առաջին պլան պիտի մղվեն այդ երկրի հետ տարվող դիվանագիտական ակտիվ բանակցությունները: Ցավոք, այժմ դա անհաջողության է մատնված հպատակի հոգեբանությամբ առաջնորդվող այսպիսի դիվանագիտական կորիզով:

Իսկ, ահա, արեւմուտքի գործողությունները կամ ավելի ճիշտ դրանց հստակ բացակայությունը հուշում են, որ Արցախի հարցը նրանց համար հրատապ թեմա չէ: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի` քանիցս արված պնդումները ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիայի ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, այդպես էլ լուրջ արձագանքի չեն արժանանում արեւմուտքում: Քերրի-Լավրով զրույցներում ԼՂ-ի հարցը քննարկելով հանդերձ՝ ԱՄՆ-ն Արցախի հարցում իր շահագրգռվածությունը ցուցաբերող որեւէ գործնական ազդակ չի հաղորդում:

Իրավիճակը հուշում է, որ արեւմուտքը Ռուսաստանի վրա է թողնում Արցախի հարցի կարգավորման բեռը` առնվանզ մինչեւ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի ընտրությունները: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է շեշտել, որ արեւմուտքն իրեն բավականին ազնիվ պահեց քառօրյա պատերազմի օրերին, ինչի վկայությունը CNN-ի հայտնի հաղորդումն էր, որտեղ նույն հարթության վրա ներկայացվեցին Ադրբեջանի ու Արցախի ԱԳ նախարարները:

CNN-ը ԱՄՆ-ում պատահական լրատվամիջոց չէ, իսկ նրա եթերում աշխարհաքաղաքական հարցերում ապատեղեկացվածությունը բացառված է: Ստացվում է, որ արեւմուտքը այնքան էլ դեմ չէր հակամարտության` «Արցախ-Ադրբեջան» բանաձեւին, ինչը ոչ մի կերպ չօգտագործվեց Հայաստանի ատաքին գերատեսչության կողմից: Ներկա դրությամբ արեւմուտքը պատրաստ չէ իրական քայլերի, ինչը նշանակում է, որ Արցախի ճանաչման պես կարեւորագույն հիմնախնդիրը այստեղ եւս միանշանակ աջակցության չի արժանանում:

Անխուսափելիորեն Արցախի անկախության ճանաչումը փակելու է հարցի բանակցային կարգավորման ճանապարհը: Եթե Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետությունը նրա իսկ սահմանադրությամբ, այսինքն` ազատագրված տարածքներով, նշանակում է, որ զրոյանում են թե՛ մադրիդյան սկզբուքնները, թե՛ տարածքային փոխզիջման հարցերը: Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը դառնում է լիովին անիմաստ, ինչը Ադրբեջանի երազանքն է: Հակամարտությունը եթե անմիջապես հրատապ սրացման էլ չգնա, դառնալու է միջազգային այն բոլոր կազմակերպությունների քննարկման առարկան, որտեղ Հայաստանը լուրջ դերակատարություն չունի:

Ամեն անգամ հակահայ որեւէ բանաձեւի ընդունումից հետո Հերմինե Նաղդալյանի պես մի պատգամավոր դժգոհելու է «նավթադոլարների» հրաշագործ հատկությունից եւ ուրիշ ոչինչ: Իսկ Ադրբեջանն էլ իրավական հիմքեր է կուտակելու Արցախի դեմ ագրեսիան արդարացնելու ու միջազգային իրավունքին ներդաշնակելու համար` հարմար առիթի դեպքում էլ սրացման գնալով:

Այսպիսով՝ Արցախի անկախության ճանաչմամբ Հայաստանն ինքն է հանդես գալու դեստրուկտիվ գործողություններով՝ հրաժարվելով Մինսկի խմբի ձեւաչափից: Իսկ ի՞նչ ենք ստանալու փոխարենը: Հս.Կիպրոսի օրինակը հուշում է, որ ոչ մի այլ երկիր մեր ճանաչմամբ չի ճանաչելու Արցախի անկախությունը: Արդյունքում` էլ ավելի կսաստկանա Հայաստանի միջազգային մեկուսացումը: Ի դեպ, խիստ կարեւոր է, որ Արցախի անկախության ճանաչման մասին բղավող որեւէ մեկը գոնե մի պարզաբանում տա, թե ի՞նչ դրական արդյունքի է բերելու այդ քայլը. Բաքուն կապիտուլացվելո՞ւ է, Թուրքիան հավիտյանս լռելո՞ւ է, Արցախը ՄԱԿ-ի անդա՞մ է դառնալու:

Ի դեպ, տարբերակներից մեկն էլ կարող էր լինել այն, որ ԱԺ-ը ճանաչեր Արցախի անկախությունը, իսկ Սերժ Սարգսյանն առկախեր գործընթացն ու չստորագրեր օրենքը: Սակայն չի կարելի մոռանալ, որ փաստաթղթերը փոշոտվելու հատկություն ունեն: Կկրկնվի հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը, որոնք տարիներով մնացին խորհրդարանում` վերջնականապես անպիտան դառնալով: Նույնն էլ կարող է պատահել այս պարագայում` վնասելով Արցախի հարցում Հայաստանի ռազմավարությանը:

Երբ խորհրդարանը ճանաչի Արցախի անկախությունը, իսկ նախագահական ստորագրությունն այդպես էլ չդրվի, ստացվելու է` նախագահը դեմ է դրան: Նման քայլի կարելի է գնալ միմիայն ծայրահեղ վիճակում, բայց այժմ կուլիսային գործընթացներից առավելագույնս օգուտ քաղելու փոխարեն փաստորեն ստացվում է, որ մենք առանց դաշնակիցների հրապարակայնացնում ենք մի գործընթաց, որի ո՛չ վերահսկողությունն է մեր ձեռքում, ո՛չ էլ կարող ենք ինչ-որ ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս