«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունը ստանձնում է analitik.am կայքի տնօրեն` Անի Հովհաննիսյանի պաշտպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Տիգրան Ուրիխանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվեց analitik.am կայքի տնօրեն Անի Հովհանիսյանը և նրա օգնականը:
«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերությունը այս օրերին ուշադիր հետևել է նախաքննության ընթացքին, ինչպես նաև իրեն հասանելի աղբյուրներից ստացած տեղեկությունների ուսումնասիրությունից եկել է եզրակացության, որ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հավանաբար այնքան էլ կապ չունի իրականության հետ:

Այդ մասին են վկայում հետևյալ հանգամանքները՝
1. Անալիտիկ.ամ կայքում չկան Տիգրան Ուրիխանյանին կամ նրա ընտանիքին վարկաբեկող նյութեր, ավելին եղած նյութերը կամ նեյտրալ են, կամ գովարգող: Այս հանգամանքը ինքնին կասկածի տակ է դնում շորթման պահանջի առարկան:
2.Կասկածելի է նաև պահանջված գումարի չափը՝ ամսեկան 300.000 ՀՀ դրամ: Եթե սա իրականություն է, ապա ՀՀ քրեաիրավական պրակտիկայում սա աննախադեպ դեպք է, քանի որ առաջին անգամ ենք հանդիպում շորթման դեպքի, երբ գումարը ֆիքսվում է ամսեկան վճարումների տեսքով, սա ավելի շուտ նման է փոխհամագործակցության պայմանագրի քանց, թե շորթման:
3. Ընդունենք նաև ևս մեկ հանգամանք, որ ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մարդու, առավել ևս լրագրողի, որի մտքով երբևիցէ կարող է անցնել գումար շորթել ՀՀ ԱԱԾ տնօրենի մորաքրոջ տղայից , առավել ևս, ինչպես հայտարարում է պատգամավորը, իր կենսագրությունը անբիծ է, այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, անբիծ մարդու վրա այդ ինչ կոմպրոմատ պետք է ունենար Անի Հովհաննիսյանը, որը իրեն վստահություն կներշնչեր վերջինիցս ամսեկան 300.000 ՀՀ դրամ գումար պահանջել:
4. Անի Հովհաննիսյամը, երբ տեղեկացել է իր օգնականի ձերբակալման մասին հենց ինքն է գնացել ոստիկանություն՝ պարզելու համար ձերբակալման պատճառները: Ինքն է զանգահարել Ալյանս կուսակցություն՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել հանդիպման ժամանակ, ուր է անհայտացել իր աշխատակիցը , ինչու իր զանգերին չի պատասխանում ոչ Ուրիխանյանը և ոչ էլ նրա օգնականը:
5.Անի Հովհաննիսյանը վերջին ժամանակ ակտիվորեն պայքարել է Ռուս-Ադրբեջանական «ՎՏԲ Հայաստան բանկի» դեմ, ընդհուպ մինչև նախաձեռնել է ստորագրահավաք այդ Ադրբեջանական մասնակցությամբ բանկին բանկային գործունեության արտոնագրից զրկելու համար:
«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի կողմից բաժնետեր հանդիսանալու փաստով դիմել է ՀՀ նախագահին, ԱԱԾ տնօրենին, Գլխավոր դատախազին, ԱԺ բոլոր խմբակցություններին այդ թվում նաև Ալյանս կուսակցությանը:
Ներկայացրել է նրանց այդ փաստը հիմնավորող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դիմումներում նշել է, որ Ադրբեջանի կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի միջոցով ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավալելը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, թշնամի պետությունը ՀՀ- ում գործունեություն ծավալելով ստանում է շահույթ, որը ուղղվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության զարգացմանը, կա անձնական և բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների արտահոսքի իրական վտանգ:

Սակայն Ալյանս կուսակցությունը՝ հանձինս իր ղեկավար Ուրիխանյանի մեր դիմումը թողեց անպատասխան, ավելին վերջերս ԱԺ-ում կոչ արեց մեկ միլիոն դոլար նվեր տալ Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, որով հստակ արձանագրեց իր բարիդրացիական վերաբերմունքը Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ Հայաստան բանկի» նկատմամբ:
Հատկանշական է նաև հետևյալ հանգամանքը՝
Անի Հովհաննիսյանը հրավիրվում է ՌԴ դեսպանատուն, հանդիպում ՌԴ դեսպանի հետ, վերջինս կատիգորիկ կերպով Անիից պահանջում է դադարեցնել Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ բանկի» դեմ հրապարակումները, հակառակ դեպքում ակնարկելով, որ խնդիրներ կստեղծի Անիի համար: Անին մերժում է ՌԴ դեսպանի պահանջը:

Անիի և դեսպանի հանդիպումից ընդամենը երկու օր անց Ուրիխանյանը հաղորդում է ներկայացնում Անիի դեմ: Անի Հովհաննիսյանը և իր օգնականը ձերբակալվում են և Անալիտիկ.ամ կայքը բնականաբար լռեցվում է, որից հետո Ռուս ադրբեջանական «ՎՏԲ բանկին» մեկ միլիոն դոլար նվեր տալու խայտառակ օրինագիծը, որը երկու անգամ տապալվել էր ԱԺ ում, Ուրիխանյանի կոչից հետո ընդունվում է:
«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերությունը վաղուց է պաշտպանում Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ունեզրկված և տուժած քաղաքացիներին, այս պահին մեր վարույթում առկա են մոտ 100 և ավելի դիմում բողոքներ, որոնց մի մասը դատական գործընթացում են, իսկ մի մասով քննվում են քրեական գործեր:
Ինչպես վերը շարադրված հանգամանքները, այնպես էլ մամուլի հրապարակումները մեզ մոտ հիմնավոր կասկած են առաջացնում, որ գործ ունենք ոչ թե շորթման դեպքի հետ, այլ Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ազատ մամուլը լռեցնելու և Ադրբեջանի տնտեսական հաղթարշավը ՀՀ-ում շարունակելու փորձի հետ:

Հաշվի առնելով վերը թվարկած հանգամանքները« «ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերությունը հայտարարում է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհանիսյանի պաշտպանությունը ստանձնելու մասին, ինչպես նաև հայտարարում ենք, որ եթե մեր կասկածները իրականանան, ջանք չենք խնայելու, որպեսզի սույն գործով բոլոր սադրիչները, անկախ իրենց պաշտոնից, դիրքից և անձեռնամխելիության աստիճանից ստանան իրենց արժանին, քանի որ կասկածների հիմնավորման դեպքում գործ կունենանք ոչ միայն սուտ մատնության հանցակազմի հետ, այլ նաև հայրենիքի դավաճանության հետ:

Ալգա իրավաբանական ընկերություն




Լրահոս