ՀՀ իշխանության դեմ պայքարի են դուրս եկել նաեւ արտերկրում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ օրերս կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է “նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը”: Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաեւ արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու “մեր թշնամիները չուրախանան”: Բացի այդ, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի “Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն” միջազգային համահայկական ՀԿ, որից պետք է վախենան ավելի, քան հռթիռներից եւ հրետանուց: Մեր հարցին, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացին հավատա ձեր անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանեց. “Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին: Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու”:
Աշոտ Գրիգորյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ 12.09.2013-ին