ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Պրահա, որտեղ այսօր կայանալու է աշխարհի 2014թ. առաջնության որակավորման փուլի B խմբի Չեխիա-Հայաստան մրցավեճը։ Չեխիայի մայրաքաղաք են մեկնել դարպասապահներ Ռոման Բերեզովսկին, Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը, Կամո Հովհաննիսյանը, Լեւոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը, Արթուր Ավագյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Անդրանիկ Ոսկանյանը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Եդիգարյանը, Դավիթ Մանոյանը, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին, Արազ Օզբիլիսը, Դավիթ Հակոբյանը, Կարեն Մուրադյանը, հարձակվողներ Յուրա Մովսիսյանը, Արթուր Սարկիսովը, Սարգիս Ադամյանը։ Հիշեցնենք, որ խաղը կայանալու է «Էդեն արենա»-ում Երեւանի ժամանակով 20:00-ին։
Չեխիայի հավաքականի պաշտպան Թոմաշ Սիվոկը կարծիք է հայտնել առաջիկա խաղի վերաբերյալ. «Մարտ ամսին՝ Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում, մենք շատ էինք վախենում պարտվելուց, քանի որ մինչ այդ սեփական հարկի տակ զիջել էինք Դանիայի հավաքականին: Այդ պատճառով փակեցինք խաղադաշտի կենտրոնը եւ հաղթեցինք 3:0 հաշվով: Երկրպագուները հաղթանակ են ակնկալում մեզնից, սակայն ես չէի թերագնահատի հայերին: Որակավորման նախորդ փուլում նրանք երկու անգամ պարտության էին մատնել սլովակներին, այս տարի հաղթել են Դանիային, ինչպես նաեւ լավ հանդիպում են անցկացրել Իտալիայի հետ: Մենք ցանկանում ենք հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալ եւ գոլեր խփել, սակայն Հայաստանի հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն է: Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենաարագ թիմերից մեկն է, եւ մենք պետք է միշտ հիշենք սեփական պաշտպանության մասին»:
Իսկ մինչ այդ «Եվրոսպորտ» հեռուստաընկերությունը 3 րոպե տեւողությամբ տեսահոլովակում ներկայացրել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղի ունեցած ամենատպավորիչ տեղափոխությունները: Տեսահոլովակում տեղ է գտել նաեւ Հենրիխ Մխիթարյանը, որը «Շախտյոր»-ից տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»: Տեղեկացանք նաեւ, որ Հենրիխը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Հարցումն անցկացրել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Քվեարկության մասնակիցների 41.33 տոկոսը ձայնը տվել է Հենրիխ Մխիթարյանին, ում դուբլի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ եւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներով պայմանավորված խաղադադարին գնաց առաջատարի դիրքով՝ չորս խաղում նույնքան հաղթանակով:




Լրահոս