ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վաղահաս կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերներին խոստացել է, որ կարտոֆիլի մեծ քանակություն կարտահանվի դեպ Ռուսաստան: Սակայն պարզվում է, որ ոչ թե ՀՀ-ից է վաղահաս կարտոֆիլ արտահանվում դեպի ՌԴ, այլ հակառակը՝ ՌԴ-ից է այն ներմուծվում: Դրա արդյունքում, բնականաբար, տուժում են մեր գյուղացիները, քանի որ ներմուծման հետեւանքով վաղահաս կարտոֆիլի գինն իջել է:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ 2016 թվականի մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներկրվրել է ընդամենը 3 մլն 391 հազար 785 կգ վաղահաս կարտոֆիլ, որից ավելի քան 2 հազ. տոննան ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից: Վաղահաս կարտոֆիլ ներմուծվել է նաեւ ԱՄՆ-ից՝ 300կգ, Եգիպտոսից՝ 790 տոննա, Իսրայելից՝ 12 տոննա, Իրանից՝ 22.6 տոննա, Նիդեռլանդներից՝ ավելի քան 22.5 տոննա եւ Վրաստանից՝ 655 կգ: Ի դեպ, տեղեկացնենք, որ կարտոֆիլ ներկրողների ցանկում տեղ են գտել ինչպես ՍՊԸ-ներ, ԱՁ-ներ, այնպես էլ անհատներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վստահեցմամբ՝ ներմուծված վաղահաս կարտոֆիլի ողջ խմբաքանակն անցել է ֆիտոսանիտարական լաբորատոր փորձաքննություն, ստուգվել են նաեւ անվտանգության ցուցանիշները, ապա միայն հասցրել սպառողին: Օրինակ՝ անհատ ձեռներեց Ջոնի Շլեպչյանը ՌԴ-ից ներմուծել է 214.7 տոննա կարտոֆիլ, անհատ ձեռներեց Ալիկ Մգոյանը՝ 146 տոննա, «Մոնի գրուպ» ընկերությունը ՌԴ-ից ներմուծել է 248 տոննա կարտոֆիլ, «Ա եւ Վ եղբայրներ» ընկերությունը՝ 88 տոննա եւ այսպես շարունակ:
Վաղահաս կարտոֆիլ ներմուծողների ցանկում տեղ է գտել նաեւ «Ակնաձոր» ընկերությունը, որը այս տարվա գարնան ամիսներին Թուրքիայից լոլիկ եւ վարունգ է ներմուծել: Սակայն այս ընկերությունը վաղահաս կարտոֆիլ ներմուծել է Եգիպտոսից՝ 790.5 տոննա: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին: Ի դեպ, պետռեգիստրում ընկերության հիմնադիրը հենց Հայկ Սարգսյանն է:
Այսպիսով՝ մինչ որոշ հասարակական կազմակերպություններ պայքարում են կամ խստացնող մեխանիզմներ են մշակում թուրքական ապրանքների ներկրման դեմ, այս ընթացքում թուրքական լոլիկը, վարունգը, այժմ նաեւ վաղահաս կարտոֆիլը անարգել մուտք են գործում հայկական շուկա: Ներքին շուկայում հայկական, ռուսական եւ եգիպտական վաղահաս կարտոֆիլից բացի՝ վաճառվում է նաեւ թուրքական ծագումով վաղահաս կարտոֆիլ: Թուրքական արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, ինչը տեղական արտադրողների համար խնդիրներ է ստեղծում: «Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա գարնան ամիսներին Թուրքիայից ՀՀ ներմուծվել է 371 տոննա վաղահաս կարտոֆիլ: Ներմուծողների ցանկից տեղեկացանք, որ «Արուսգրիգ» ընկերությունը Թուրքիայից ներմուծել է 371 տոննա վաղահաս կարտոֆիլ: Բացի այս ընկերությունից՝ Թուրքիայից վաղահաս կարտոֆիլ ներկրող չկա:
Այս ամենի արդյունքում՝ ՀՀ որոշ մարզերի գյուղերում կարտոֆիլի իրացման հետ կապված մեծ խնդիրներ կան. մարդիկ չգիտեն, թե ինչպես վաճառեն իրենց գյուղմթերքը, հատկապես որ, ինչպես արդեն նշվեց, ներմուծված ապրանքը զգալիորեն ավելի էժան ինքնարժեք ունի, ինչի արդյունքում տեղական արտադրանքը եւս հայ գյուղացին ստիպված է լինում զգալիորեն ավելի էժան վաճառել՝ այդպիսով զրկվելով եկամտի մեծ մասից: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, կարտոֆիլի 1 կգ-ն այժմ վաճառվում է 120-160 դրամով, իսկ մինչ ներմուծումը այն 230-250 դրամ էր:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչպես են իրացնում գյուղացիները իրենց աճեցրած կարտոֆիլը, Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ Արամն ասաց. «Մի մասը վաճառում են գյուղ մտնող վերավաճառողներին, իսկ մյուս մասն էլ տանում են շուկա: Իսկ Ռուսաստան արտահանելու ուղղությամբ խոսք լինել չի կարող, քանի որ կարտոֆիլը նոր է եւ երկար ճանապարհ ուղարկելու դեպքում այն կսեւանա»: Ղուկասավանի գյուղապետ Արա Վարդանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը իր խոստմանը տեր կկանգնի եւ արտահանման հարցում գյուղացուն մենակ չի թողնի: Ի դեպ, վերջինս տեղեկացրեց նաեւ, որ գյուղապետերով մարզպետարան են դիմել եւ խնդրել, որպեսզի վաղահաս կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ ՀՀ կարտոֆիլ չներմուծվի: Թե գյուղապետերի խնդրանք-դիմումին ինչ ընթացք կտրվի, ցույց կտա ժամանակը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ