Մեր իրողությունը. պարտքն աճում է, տնտեսությունը՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է 18,4 միլիոն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից, ըստ որի՝ մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 270 մլն 600 հազար դոլար` ապրիլի վերջի 5 միլիարդ 252 մլն 200 հազար դոլարի փոխարեն:

Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ պարտքի այդ մասին գումարները ստացվել են միջազգային ֆինանսական կառույցներից, այլ երկրների կառավարություններից, օտարերկրյա բանկերից եւ միջազգային պարտատոմսերի թողարկումից: Հայաստանի ներքին պարտքը այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 838 միլիոն 500 հազար դոլար:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի այս տարվա պետական բյուջեի տարեկան դեֆիցիտը կազմում է 190 միլիարդ 742 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանություններն ի սկզբանե նախատեսել են, որ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են լինելու, քան եկամուտները: Այսինքն, ինչպես միշտ, այս տարվա բյուջեն էլ լինելու է դեֆիցիտով: Տնտեսագետների պնդմամբ՝ պետական բյուջեի դեֆիցիտը ոչ միայն վատ բան չէ, այլ նաեւ կարող է երկրի զարգացումը խթանելու լուրջ գործիք դառնալ:

Եթե այդ մոտեցումը փորձենք տնտեսագիտությունից հեռու մահկանացուներիս համար հասկանալի լեզվով բացատրել, ապա դեֆիցիտը նույնն է, որ մարդն իր առջեւ մշտապես նոր բարձունքներ նվաճելու խնդիր է դնում, եւ նրա բոլոր գործողությունները ուղղված են լինում իր նպատակի իրագործմանը: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեն, եթե այն վերաբերում է զարգացման տեսլական ունեցող երկրին, պետք է ենթադրի, որ այն նախորդ տարվա համեմատ ավելի շատ խնդիրներ է լուծելու: Եթե այս մոտեցումը չի կիրառվում, ապա պետությունը դադարում է զարգանալ: Սակայն, եթե պետական բյուջեի միջոցները արդյունավետ չեն ծախսվում, այլ երկիրն ամբողջությամբ գտնվում է համակարգված կոռուպցիոն կառավարման ներքո, ապա պետբյուջեի դեֆիցիտը վերածվում է թալանման ենթակա միջոցներից դուրս «բոնուս»:

Մի պահ մոռանանք Հայաստանի իշխանությունները ներկայացնող անձանց ով լինելու մասին եւ ենթադրենք՝ չգիտենք, թե իշխանության ղեկին կանգնած անձինք ինչ ազնվության տեր մարդիկ են: Միայն դեֆիցիտի կառավարման միջոցով կարելի է հասկանալ, թե իշխանություններն ինչ բնույթ ունեն: Այսպես՝ տարվա առաջին եռամսյակում դեֆիցիտի` բյուջեում պակասող գումարի հայթայթման խնդիրը հնարավոր է՝ լուծվի արտաքին կամ ներքին փոխառությունների ներգրավման, կամ այլ կերպ ասած՝ պարտք վերցնելու միջոցով:

Սակայն, եթե երկիրը նորմալ է կառավարվում, եւ տնտեսությունը շարունակում է զարգանալ, ապա այդ ամենը հանգեցնում է լրացուցիչ ներդրումների ներգրավման, տնտեսության էլ ավելի աշխուժացման, ինչն իր հերթին հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Այսինքն՝ աստիճանաբար դեֆիցիտի կառավարումը հեշտանում է:

Սակայն այս տարվա հինգ ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեի պակասուրդի, ասել է, թե դեֆիցիտի սպասարկման համար ծախսվել է 49 միլիարդ 600 մլն դրամ փոխառու միջոց, այլ կերպ ասած՝ պարտքով վերցված գումար: Դրանից 22 միլիարդ 100 միլիոնը ծախսվել է մեկ ամսում` մայիսին: Ի դեպ, նշենք, որ վերը նշված գումարից 20 միլիարդ 500 միլիոնը վերցվել է արտաքին աղբյուրներից: Այսինքն՝ պետական պարտքի ավելացման պատճառներից մեկն էլ եղել է բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը:

Բայց ինչպե՞ս են այդ գումարներն ազդել Հայաստանի տնտեսության վրա, եւ որքանով մենք կարող ենք ակնկալել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը: Այս հարցի պատասխանը չափից ավել տխուր է, քանի որ այս տարվա չորս ամիսների կտրվածքով Հայաստանում ուղղակի ներդրումների ցուցանիշը, կարելի է ասել, դարձել է զրոյական: Այսինքն՝ պետության միջոցները ծախսվում են եւ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ խթան չեն դառնում:

Այս երեւույթը կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ ինչ-որ գերբնական ուժեր գողանում են Հայաստանի պետական միջոցները եւ թույլ չեն տալիս տնտեսությանը զարգանալ, կա՛մ էլ պետական պաշտոնյաների կոռումպացված լինելու պատճառով պետական միջոցները ծախսվում են ոչ նպատակային եւ տնտեսության վրա դրական ազդեցություն չեն ունենում: Եթե ընդունում ենք, որ երկրորդ տարբերակի հետ գործ ունենք, այդ դեպքում հասկանալի է դառնում նաեւ, թե ուղղակի ներդրումների ցուցանիշն ինչու է մոտենում զրոյին: Առաջին տարբերակը, հավատացեք, ֆանտաստիկայի ժանրից է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս