ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՂԾ ՈՒՂԵԳՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաների ձերբակալումը եւ մեղադրանք առաջադրելու պատմությունը խորը արմատներ ունեն: Այս աղմկահարույց գործը հասնում է ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին: Ու պատմության մեջ ուշագրավն այն է, որ մինչ աղմկահարույց գործի բացահայտումը, 2014 թվականին առողջապահության նախարարությունից որոշ աշխատակիցներ են հեռացվել:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Վերջիններս կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Նրանց բոլորի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հեռացրին ու հանձնեցին
իրավապահներին
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչ այս քրեական գործի հարուցումը, 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության երկու աշխատակից ազատվել են աշխատանքից, որոնց ազատումն էլ կապված է եղել առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու գործընթացի հետ: Եվ աշխատակիցների ազատումից հետո իրավապահները քրեական գործընթաց են սկսել: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ, ըստ էության, իրավապահ համակարգը 2 տարի հետո նույնաբովանդակ կամ հենց նույն քրգործով պաշտոնյաների է ձերբակալում ու մեղադրանք առաջադրում: Ի դեպ, նկատենք, որ 2012 թվականից մինչեւ 2014 թվականը ՀՀ առողջապահության նախարարը եղել է Դերենիկ Դումանյանը, եւ չի բացառվում, որ հետագայում պարզվի՝ հենց նա է կանգնած եղել այս գործընթացի թիկունքում:

Ինչպես կարող էին
կեղծել
«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից խնդրեց ներկայացնել նախկին եւ ներկայիս ուղեգրերի տեսքը, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էին կեղծել դրանք նախկինում: Հրապարակումներ եղան, որ այլեւս անհնար է կեղծել նմանատիպ փաստաթղթերը: Լուսանկարում հստակ երեւում է, որ նախկին ուղեգիրը ընդամենը սովորական թուղթ է՝ առանց համապատասխան կոդավորման եւ պաշտպանիչ շերտի, որի վրա կարելի է փոխել ամեն ինչ՝ առողջարանային կենտրոնի անունից սկսած, մինչեւ այլ տվյալներ:
Տեղեկացնենք, որ ուղեգրերի պաշտպանիչ կոդերով փոփոխություններին առողջապահության նախարարությունում գնացել են 2014 թվականից հետո: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն բացահայտվել է կեղծիքը, եւ ազատումները եղել են:

«Ուր ենք գնալու, Դերո՛»
Ըստ շրջանառվող լուրերի՝ կեղծ ուղեգրերի համար բյուջեից հափշտակված գումարի չափը հասնում է մոտ 2 միլիարդ դրամի, իսկ թե ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, դեռեւս մնում է օդից կախված հարց, քանի որ վերոնշյալ պաշտոնյաները ստորագրությամբ ազատ են արձակվել եւ այսօր շարունակում են իրենց աշխատանքը:
Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ կառավարությունում անցկացված հատուկ խորհրդակցությունը, որի ընթացքում դիմելով ՀՀ առողջապահության նախկին նախարարին՝ Դերենիկ Դումանյանին՝ ասաց. «Ինչպես կարելի Է դեղերի շուկան այդպես թողնել, Դերո՛… արդեն դու ահագին աշխատում ես, առաջինը քո խնդիրն է, առաջինը… քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն, այդտեղ, ինչպես արդեն պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Երբ հարցնում եմ՝ տեսչություն ենք միավորում, մարմիներ ենք միավորում, դե, տենց տեմպերով մենք ուր ենք գնալու, հասնենք»:
Ահա, այդպիսի տեմպերով հասանք այնտեղ, որ նախկին նախարարի օրոք թույլ տրված ահռելի չափով չարաշահումներն այսօր «ջրի երես» են դուրս եկել: Թե ինչ ընթացք կունենան իրավական գործողությունները, դեռ վաղ է կանխատեսել: Հուսանք՝ կոռուպցիայի դեմ պայքարող ՀՀ կառավարությունը տարածությունն ու ժամանակը հաշվի չի առնի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործը մտավ դատարան: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել էին այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ դիզվառելիք էին գողացել: Այս գործով կալանավորվել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ավագ երթակարգավար Գոռ Ստեփանյանը եւ ընկերության վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կարեն Եդիգարյանը: Այս բացահայտումներից հետո աշխատանքից ազատվեց Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:
Իսկ ինչն էր եղել նրա աշխատանքից հեռացման պատճառը: Ըստ տեղեկությունների` Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը դիզվառելիքի գողության գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից Գոռ Ստեփանյանի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել էին իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր 309-րդ հոդվածի` պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, փոխոստիկանապետի դեմ:
Ինչպես պարզեցինք՝ 2016 թվականի մայիսի 15-ին այս գործը մտել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ Գոռ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ԶՊՄԿ ՓԲԸ-ում որպես ավագ երթակարգավար, նախնական համաձայնության գալով նույն ընկերության վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կարեն Եդիգարյանի հետ` կեղծել է փաստաթղթեր եւ ընկերությանը պատճառել առանձնապես խոշոր չափերի՝ 70 միլիոն 263 հազար 720 դրամի (բենզինի եւ դիզելային) վնաս:
Այժմ ընթանում են գործով դատական նիստերը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստերը շարունակում են լարված ընթանալ: Երեկ հայտնի դարձավ, որ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վահագն Դանիելյանը հայտարարել է, թե իրեն անհիմն են մեղադրում, ինքը առողջական խնդիր ունի: Նշենք, որ Վ. Դանիելյանը մեղադրվում է ավազակային հարձակման մեջ: Եվ, ահա, վերջինս դատարանում փորձել է հարձակվել տուժողի վրա, սակայն դատարանի կարգադրիչներն ու ոստիկանները կարողացել են կանխել նրա քայլերը:
Նկատենք, որ 2016 թվականի մայիսի 25-ին Գագիկ Պողոսյանի նախագահությամբ գործող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գարիկ Բաբախանյանը կրակայրիչով վնասել է ձախ ձեռքի դաստակը, հարձակվել ոստիկանների վրա, հայհոյել:

Ք. Մ.

 

 

 

ՄԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՐԿ ՔՎԵ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երեկ երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը քվեատուփը գողացած եւ ընտրության արդյունքները փոխած տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 4/20 տեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը, լինելով նոր Սահմանադրության կողմնակիցն ու նպատակ ունենալով նպաստել դրա ընդունմանը, շուրջ 500 չքվեարկված թերթիկներում «այո» նշումն է արել ու փոխել քվեարկության արդյունքը։ Նույն հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանը «Ազատությանն» ասել է. «Ընդեղ ինքն ասում է, որ 500 թերթիկ է ընդամենը լցրել, բայց հազար թերթիկից ավել էր լցրել: Չի լցրել, պարկն ամբողջությամբ օրինական փակվել է, արձանագրությունն օրինական դրվել է, ինքը պարզապես ոստիկանության օգնությամբ գողացել է պարկը, տարել է մեկ այլ տարածքում, այլ վայրում, միգուցե իր տանը, կեղծարարությամբ է զբաղվել եւ բերել է, 4-5 ժամ հետո հանձնել: 4-5 ժամ հետո պարկը նոր հասել է տարածքային, երբ որ ընդամենը երկու կանգառ էր, 3 րոպեի ճանապարհ»:

 

 

ՀԻՄԱ ՈՒԶՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՈՉ
«Իրավիճակն ինձ մի հին, բայց ակտուալ անեկդոտ է հիշեցնում, երբ աղջկա բարեկամությունը խոսում է մոտակա հարսանիքից, բայց ապագա փեսայի տանը դեռ տեղյակ էլ չեն»,- «Առավոտ»-ին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով իր` Գյումրիի քաղաքապետ դառնալու ցանկություններին: «Գյումրին իմ ծննդավայրն է: Ես ցավում եմ այդ քաղաքի համար, գյումրեցիների առօրյա դժվարությունների ու խնդիրների համար: Շատ ցավալի է, որ այսօր Գյումրիում էական ոչինչ չի փոխվում, ու եթե իրենց բառերով բնութագրեմ՝ գյումրեցին կորցրել է ամեն ինչ՝ բացի հումորից: Սակայն մի բան միանշանակ է՝ ով էլ լինի քաղաքի ղեկավար, հնարավոր չէ այստեղ իրավիճակն էականորեն փոխել, եթե նպատակային պետական ծրագրեր չիրականացվեն Գյումրիում»,- հավելել է Մանուկյանը:

 

 

ՀՈՐԴՈՐ  ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու եւ սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթեւեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք: Այն քաղաքացիները, ովքեր կարող են դեպքին առնչվող տեղեկություններ հայտնել կամ իրենց տրամադրության տակ ունեն դեպքին վերաբերող տեսանյութեր կամ լուսանկարներ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ 011 900-035, 011 900-039, էլ. փոստ՝ [email protected]):




Լրահոս