ՉՀՆՉԱԾ ՀԱՐՑԸ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ԵԽԽՎ նիստում հերթագրված է եղել Սերժ Սարգսյանին հարց տալու համար, սակայն նրա հերթն այդպես էլ չի հասել. միայն 15 պատգամավոր է հարց ուղղել Ս. Սարգսյանին, իսկ Զուրաբյանը հերթի մեջ եղել է 17-րդը: Այնուամենայնիվ, «Իլուր»-ի հետ զրույցում Զուրաբյանն ասել է, թե ինչ հարց է ինքը ցանկացել տալ. «Պարո՛ն Սարգսյան, որքանո՞վ են համատեղելի ԵԽԽՎ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաքելության կողմից Եվրոպայում ժողովրդավարությանը սատարելու վերաբերյալ հայտարարությունները՝ ընտրությունների կեղծման, քաղբանտարկյալների, հեռուստաընկերությունների գրաքննման, ակտիվիստների դեմ հանցավոր խմբերի հարձակումների, համընդհանուր կոռուպցիայի եւ մարտի մեկին խաղաղ ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու հետ: Այդ սպանությունները չեն բացահայտվել, այդ ամենը տեղի է ունենում Ձեր ղեկավարությամբ, որքան էլ որ այն կասկածելի լեգիտիմություն ունի»:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Հանրապետական կուսակցությունը նախատեսել է այսօր գործադիր մարմնի նիստ անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ թափուր մնացած ՀՀ զինդատախազի աթոռի հարցը: Ո՞վ է լինելու ապագա զինդատախազը, արդյո՞ք կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արմեն Դանիելյանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լավ տղա է, բայց դեռեւս հստակ բան չկա, որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ հարցը չենք քննարկել: Կքննարկենք, կտեղեկացնենք»: Հավելենք, որ երեկ էլ ուժային կառույցներում զինդատախազի հավանական թեկնածու էր համարվում Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը:
ԲԵՐՔԻ ԿՌԻՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղանիստ գյուղում 16-ամյա թոռը ծեծի էր ենթարկել 79-ամյա պապուն: Գեղանիստի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի օգնականը՝ Կարապետը, երեկ մեզ պատմեց ողջ եղելությունը. «Ծեծված պապիկը` Հակոբը, գլուխը պատռված եկել էր մեր գյուղապետարան եւ պատմեց, որ առավոտյան արթնացել է եւ տեսել, որ իր սերկեւիլի, նուռի ու կառալյոկի ծառերի ողջ բերքը տարել են: Այնքան է բարկացել, որ սկսել է այգու մեջ բարձրաձայն հայհոյել: Այդ ժամանակ թոռն է եկել ու շաքարավազի ամանով սկսել խփել պապու գլխին: Դե բակում մեծ աղմուկ է բարձրացել, ու հարեւանի աղջիկը, տենելով, որ Հակոբ պապիկն ընկած է հատակին, շտապ զանգահարել է ոստիկանություն»:
Թեեւ ծեծի ենթարկված պապիկի գլխի բացվածքը բավական մեծ է եղել, սակայն, ինչպես ներկայացրեց Կարապետը, նա ոստիկանությունում չի բողոքել իր թոռնիկ Գեւորգի դեմ. «Դե հաշտվել են, բայց դե պետք չէր՝ թոռնիկն այդքան դաժան լիներ»: