Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը հրապարակել է չեչեն ահաբեկիչների ցուցակը, ովքեր թաքնվում են Թուրքիայում, և կոչ արել Անկարային Ռուսաստանին արտահանձնել հանցագործներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե թուրքական իշխանություններին ահաբեկիչների մասին տվյալներ են անհրաժեշտ, հերթական անգամ ասում եմ նրանց անունները: Գրանցե՛ք: Թարհան Գազիև, Ահմադ Ումարով, Ահմադ Պատաև, Շիրվանի Բասաև, Մահրան Սաիդով, Ռիզվան և Ուսամա Յակուբովներ, Ասլանբեկ Վադալով, Մովսար Չատաև, Հադի Ալասխանով, Ռուստամ Նաուրբաև, Շիրվանի Բասաև, Մովլադի Ուգուդով: Նրանք անկաշկանդ են իրենց զգում «թուրքական ափին»»,-Ինստագրամի իր էջում գրել է Կադիրովը:
Նրա խոսքով՝ նա արդեն զգուշացրել է Անկարային վերոնշյալ ահաբեկիչների կողմից սպառնալիքների մասին, սակայն ի պատասխան՝ արտահանձնման մասին միայն խոստումներ են հետևել:
«Ես ուրախ եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորվեցին: Եվս մեկ անգամ խնդրում եմ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին որոշում ընդունել ահաբեկիչների արտահանձնման մասին»,-նշել է Կադիրովը: