ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓՈՂԵՐԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ 2016 թվականի պետական բյուջեի միջոցներից երեկվա դրությամբ ծախսվել է 620 միլիարդ 114 միլիոն 821 հազար դրամ, որը կազմում է ընդհանուրի 43,3 տոկոսը: Այսպես՝ ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսվում է ծախսել 1 տրիլիոն 433 միլիարդ 416 միլիոն 965 հազար դրամ, որից պետության դրամարկղում երեկվա դրությամբ մնացել է 813 միլիարդ 302 միլիոն 144 հազար դրամը:

Ըստ ոլորտների հատկացված գումարների՝ մեծ մասը հիմնականում ծախսվել է նույն հարաբերակցությամբ, այսինքն՝ գումարների մոտ 55 տոկոսը դեռ շարունակվում է մնալ դրամարկղում: Իհարկե, հուլիսի սկզբին՝ պետական հիմնարկների աշխատակիցների հունիսի աշխատավարձերը վճարելուց հետո, պատկերը կփոխվի, եւ պետբյուջեի ծախսերը կգերազանցեն 50 տոկոսը:
Սակայն առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմնական բաժիններին չդասվող բյուջետային ծախսերի համար հատկացված պահուստային ֆոնդի միջոցները սպառման եզրին են: Այսպես՝ պահուստային ֆոնդում տարվա համար նախատեսվել է 9 միլիարդ 841 միլիոն 509 հազար դրամ, որի ավելի քան 70 տոկոսը արդեն ծախսվել է: Պահուստային ֆոնդում մնացել է ընդամենը 2 միլիարդ 935 միլիոն 40 հազար դրամ: Եթե այսպես շարունակվի, ապա երկու ամսից, այսինքն՝ տարվա ավարտից դեռ հինգ ամիս առաջ կառավարության պահուստային ֆոնդում այլեւս միջոցներ չեն մնա:
Ի դեպ, պահուստային ֆոնդի միջոցները ծախսելու հարցում առաջատարը գյուղատնտեսության նախարարությունն է: Վերջինիս պահուստային ֆոնդից այս տարի հատկացվել է 3 միլիարդ 46 միլիոն 264 հազար դրամ, որի 99 տոկոսն արդեն ծախսվել է եւ պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մնացել է ծախսել ընդամենը 28 մլն 42 հազար դրամ: Հաջորդ գերատեսչությունը, որը աչքի է ընկել պահուստային ֆոնդի միջոցները ծախսելու գործում, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն է: Վերջինիս պահուստային ֆոնդից այս տարի հատկացվել է 995 միլիոն 786 հազար դրամ, որի 94 տոկոսն արդեն ծախսվել է: Երեկվա դրությամբ պահուստային ֆոնդից այս տարի ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված միջոցներից դրամարկղում մնացել է ընդամենը 58 մլն 600 հազար դրամ:
Պահուստային ֆոնդի միջոցները ծախսելու հարցում, սակայն, ՀՀ մշակույթի նախարարությունը միակն է, որը հարյուր տոկոսանոց արդյունք է արձանագրել: Ընթացիկ տարվա համար մշակույթի նախարարությանը հատկացվել է 593 միլիոն 694 հազար դրամ, որը երեկվա դրությամբ ամբողջությամբ` մինչեւ վերջին լուման, արդեն ծախսված է: Իհարկե, այլ գերատեսչություններ էլ կան, որոնք պահուստային ֆոնդից իրենց հատկացված միջոցներն ամբողջությամբ կամ ավելի քան 90 տոկոսով արդեն ծախսել են, սակայն նրանց հատկացված միջոցները համեմատաբար փոքր գումար են կազմում: Օրինակ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է ընդամենը 11 մլն 803 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրվել է 136 մլն 468 հազար դրամ, որի 90 տոկոս` 125 մլն 441 հազար դրամը, արդեն ծախսվել է, եւ այսպես շարունակ:
Ի դեպ, երբ ուսումնասիրում ենք, թե պետական բյուջեի միջոցներն ինչի վրա են ծախսվել, այստեղ հանդիպում ենք այսպիսի ձեւակերպման. ««Բլումբերգ» եւ «Ռոյթերս» տեղեկատվական համակարգերի առեւտրային տերմինալների տեղադրման եւ սպասարկման վճար»: Այդ նպատակով հատկացված է 33 միլիոն 130 հազար դրամ, որից 15 մլն 894 հազարն արդեն ծախսվել է: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը կամ նրա ենթակայության ձեռնարկություններից որեւէ մեկը «Բլումբերգում» եւ «Ռոյթերսում» գովազդներ են պատվիրում: Իհարկե, եթե Հայաստանում տնտեսական հարաբերությունները իրավական հարթության վրա լինեին, եւ բոլոր հարաբերությունները ընդհանուր խաղի կանոններով կարգավորվեին, ապա նման քայլը ոչ միայն լիարժեք արդարացված կլիներ, այլ նաեւ ավելի շատ միջոցներ կարելի էր ծախսել՝ միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացնելու համար: Բայց մեր իրականությունն այլ է, եւ նման գովազդներն անիմաստ գումարի վատնում են, քանի որ դրանց արդյունքը զրոյական է, որովհետեւ երբ որեւէ արտերկրյա ընկերություն կամ կազմակերպություն Հայաստանի մասին ճշտումներ է կատարում, անմիջապես հրաժարվում է այստեղ ներդրում կատարելու մտքից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, եւ դա «Քաղաքացիական պայմանագիրն» է, ընդդիմադիր ուժերի մոտ բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Փաշինյանը երեկ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների՝ իր հասցեին հնչեցրած քննադատություններին պատասխանեց մեկ առ մեկ: «Մի կուսակցություն կա, վեր է կենում ստեղից, ասում է՝ աղանդավորական խմբակները, աղանդավորական խմբակները: Ու սա ասում է մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը, մինչեւ բոլորովին վերջերս կամ գուցե նաեւ մոտ ապագայում, կառուցված է մեկ անձի՝ առավոտյան, միջօրեի եւ երեկոյան պաշտամունքի վրա»,- հակադարձելով ԲՀԿ-ին՝ ասաց Փաշինյանը: ՕԵԿ-ի մասին էլ ասաց. «Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, այսպես որ շարունակվի, կարող է անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց»: Ոչ իշխանականները Փաշինյանի ելույթին հակադարձեցին՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ տեղալով:

 

 

ԱՍՏՎԱԾԱՎԱԽ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ
«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունն ինչ ազդեցություն է ունեցել իր վրա, օրինակ, 10 պատվիրանները կատարելու առումով: Ի պատասխան՝ Ռուստամյանն ասաց. «10 պատվիրաններն, ինչպես Քրիստոսն ասում է՝ 1 պատվիրանի մեջ է ամրագրված, արա այն, ինչ-որ դիմացինը կուզենայիր քեզ անել եւ մի արա այն, ինչ-որ չէիր ուզենա ,որ դիմացինը քեզ աներ: Այսինքն՝ այսքանն անում ես, եւ պատվիրանները իրականացվում են: Հենց այս ձեւով էլ պետք է աշխատեն մարդիկ: Մարդ հավատացյալ կյանքով պետք է ապրի, որ կարողանա ճիշտ ապրել, մենք բոլորս էլ սխալներ գործում ենք, բայց այդ սխալները պետք է շտկելով, մաքրելով գնաս առաջ, ոչ թե ինքնագոհ հայտարարես, թե իմ նմանը չկա, ոչ մի մեղք չեմ գործել»:

 

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ՝ ՏԿՆ-ԻՆ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի հաշվեկշռին գտնվող 17 մլն 814 հազար դրամ արժողությամբ «LEXUS GX 4.6 GAS» մակնիշի ավտոմեքենան կտրվի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Այսինքն՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է «Ռենո»-ով շրջել, իսկ 35 տոկոս աղքատություն ապահովող կառավարության անդամները «Լեքսուսով» պետք է շրջեն:

 

 
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթեւոսյանը: Նա ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1962-ին ընդունվել եւ 1966-ին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին աշխատել է կույրերի միավորման հրատարակչությունում որպես գրական աշխատող, ապա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1966-1974-ին որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ 1974-ի հունիսից եղել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարը։ Արժանացել է ԼՂՀ «Եղիշեի» անվան մրցանակի (1992, 2003): Հրաչյա Մաթեւոսյանը Հրանտ Մաթեւոսյանի եղբայրն էր։

 

 

ՍԱՔՈՒԼԻԿՆԵՐԻ ՊԵՏԸ
Հուլիսի 12-ին կկայանան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները: Aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 29-ի դրությամբ ընդամենը մեկ հայտ է եղել՝ ռեկտորի պաշտոնակատար Կորյուն Աթոյանից: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 30-ն է: Հիշեցնենք, որ Կորյուն Աթոյանի անունն առնչվում է 2013 թ. տնտեսագիտական համալսարանում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության տհաճ պատմությանը, երբ ռեկտոր Աթոյանի աչքի առաջ ուսանողները հայհոյեցին ու քաշքշեցին լրագրողներին՝ խոչընդոտելով նրանց մուտքը դահլիճ: Ի դեպ, հենց Աթոյանն էլ Տարոն Մարգարյանի գիտական ղեկավարն էր:

 

 

ՎՍՏԱՀ ԼԻՆԵ՞ՆՔ
«Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձեւավորումը թույլ է տալիս, որ հատկապես Հարավային Կովկասի` Հայաստանի Հանրապետության տարածքում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի, 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան նաեւ հետախուզական լուրջ տվյալներ ունենալ, որոնք էլ կկանխարգելեն մեր հակառակորդների խախտումները»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրին: Ինչ վերաբերում է մտավախությանը, թե պատերազմական իրավիճակում ՀՀ-ին «կրակի հրահանգ» տվողը լինելու է տարածաշրջանային ռուս պաշտոնյան, Օհանյանը հակադարձել է. «Խաղաղ պայմաններում եւ պատերազմական ժամանակահատվածում ՀՀ-ում առկա ՀՕՊ եւ ավիացիայի միջոցները պլանավորվելու եւ կիրառվելու են ՀՀ ԶՈՒ, հատկապես` ՀՕՊ եւ ավիացիայի ղեկավարության կողմից, վստահ եղեք դրանում»:

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջեւ կայացած բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է Էյրոն:

 

 

ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 4+4+4 ձեւաչափով բանակցություններից հետո, հիշեցնենք, քաղաքական ուժերը ընտրական օրենսգրքի շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարություն ստորագրեցին, որով նախատեսվում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում եւ առցանց հեռարձակում, մատնահետքերի էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրում, նույնականացման քարտերի կիրառում եւ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների՝ պահանջի դեպքում տրամադրում վստահված անձանց։




Լրահոս