«ԽՍՏԱԲԱՐՈ ԴԵՐԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՌՈՄԱՆՏԻԿ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, «Խաչմերուկ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Փեսացուն կրկեսից», ամերիկյան «Here» գեղարվեստական ֆիլմերից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Գարիկ Չեպչյանը (Գարեգին Չեպչյան) «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մայր թատրոնում բեմադրվում է «Պեպո»` բոլորովին նոր, թարմ մոտեցումներով, եւ ստեղծագործական կազմը բավական ոգեւորված է: Նա մեզ հետ զրույցում նշեց այն թեմաները, որոնք կցանկանար արծարծված տեսնել թատրոնում, անդրադարձավ ավագ եւ երիտասարդ սերնդի երկխոսությանը:

-Պարո՛ն Չեպչյան, գիտենք, որ այս պահին սերիալում զբաղվածություն ունեք, իսկ գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ կա՞ն:
-Չէ, նման հրավերներ չունեմ, իսկ ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ ինքս չեմ «դասավորում» այդպիսի գործեր. կհրավիրեն, կհրավիրեն, ոչ, ուրեմն ոչ: Ճիշտ է` հաճախ տուժում եմ իմ բնավորության այդ գծի պատճառով, բայց ինչ արած: Ես իմ մասնագիտությունը ճարպկությունից բարձր եմ գնահատում: Իհարկե, ստանում եմ նաեւ առաջարկներ, որոնք մերժում եմ, քանի որ ինչ-ինչ պայմաններ չեն բավարարում:
-Շատ է խոսվում այն մասին, որ մայր թատրոնին պակասում է թարմ շունչը: Դուք` որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը:
-Գիտեք` նման կարծիք արտահայտողների որոշ մասին հարցնում ես` ինչ նկատի ունի՝ թարմ շունչ ասելով, հասկանում ես, որ ինքն էլ չի պատկերացնում` խոսքն ինչի մասին է: Եթե ուզում են տեսնել նոր, հետաքրքիր համարներ, տրյուկներ ու էֆեկտներ, ասեմ, որ դրա համար գոյություն ունի կրկես, եւ բացի այդ` դա դեռ չի նշանակում թարմ շունչ ապահովել: Թարմ շունչն այն է, որ հանդիսատեսն էլ չի գիտակցում, թե ինչպես ներկայացման առաջին 20 րոպեից հետո ընկղմվեց այն հեքիաթի մեջ, որն իրեն մատուցում են: Սրա համար հատուկ տրյուկներ չկան. դա համալիր աշխատանքի արդյունք է: Հիմա թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը «Պեպո» է բեմադրում` բոլորովին նոր մոտեցումներով: Հիմքը պահպանելով` լրիվ ուրիշ, հետաքրքիր բան է մատուցվելու հանդիսատեսին: Միայն տեսնեք` ներկայացման շուրջ հավաքված կազմն ինչ եռանդով է աշխատում եւ ինչ ոգեւորությամբ է սպասում պրեմիերային:
-Պարո՛ն Չեպչյան, հանդիսատեսն ու հեռուստադիտողն արդեն սովոր է, որ Ձեզ պետք է տեսնի խիստ, չար, «սեւ» դերերում: Դուք էլ, կարծես թե, համակերպվել եք այդ մտքի հետ, այո՞:
-Գիտեք` ճիշտ է` ես խստաբարո դերեր եմ տանում, բայց էությամբ ռոմանտիկ եմ: Այնքան շատ է պատահել, որ 30, 40, 50, 60 տարեկան կանայք փողոցում տեսել են ինձ, բարեւել, շփվել են հետս, ու գրեթե բոլորը նույն բանն են ասել. «Վայ, ի՜նչ լավ է, որ կյանքում այնպիսին չեք, ինչպիսին, օրինակ` ֆիլմերում»: Անգամ ասել են. «Մենք էլ մտածում էինք` տեսնես այս մարդու կինը ոնց է իրեն հանդուրժում» (ծիծաղում է):
-Կա՞ մի թեմա, որ կցանկանաք` դա արծարծվի թատրոնում, դրան հատուկ անդրադարձ կատարվի:
-Ես շատ կցանկանայի տեսնել անդրադարձներ մեր պատմական թեմաներին, կլինի դա թատրոնում, թե կինոյում: Հասկանում եմ, որ պատմական ֆիլմեր արտադրելը մեծ ծախսերի հետ է կապված, բայց դա կլիներ ճիշտ ռազմավարություն եւ քաղաքականություն: Դպրոցականները պետք է տեսնեն մեր ազգի հերոսներին եւ զգան դարաշրջանը, ուզենան նմանվել նրանց: Տեսեք` ամերիկյան ֆիլմարտադրության մեջ սուպերմեններն ու բեթմենները ինչ հաջողությունների են հասել. փոքրերը ոնց են ուզում նմանվել նրանց: Բայց չէ՞ որ մենք ունենք շատ լուրջ հերոսներ… Երբ, օրինակ, իմացա, որ նկարահանվում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե որքանով էր այն հաջողված) ես ուրախացա, որ մեր հերոսին է անդրադարձ կատարվում: Նույն կերպ ինձ ոգեւորեց «Սահմանին» սերիալը: Հիմա դրա հերոսները, որոնք ծառայում են ազգին, շատ երիտասարդների համար օրինակ են:
-Գիտենք, որ երիտասարդ սերնդի դերասանների մասին բավական լավ եք արտահայտվում, իսկ ի՞նչ եք կարծում՝ նրանց եւ ավագ սերնդի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը այսօր ստացվո՞ւմ է:
-Այո, երիտասարդներից ես շատ գոհ եմ, տեսնում եմ թատրոն սիրող, շնորհալի տղաների եւ աղջիկների, որոնք լավ խաղընկեր են մեզ: Ժամանակները փոխվել են, եւ այսօր նկատելի է, թե մեր երիտասարդները որքան արագ են մտածում, գործում եւ որքան ազատ են… Վստահ եմ, որ տարիներ անց նրանցից շատերի անունը դեռ երկար կլսեք…

 

 

 
ՋՈՒՍԸ ՀԱՆԳԻՍՏԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՍԻՐԵԼԻԻ ՀԵՏ

Երգչուհի Ջուսի համար այս ամառը ոչ միայն բուռն աշխատանքային է, այլեւ տրամադրում է հանգստի եւ մեկուսացման: Նա իր սիրելի տղամարդու` փաստաբան Վահագն Մանուկյանի հետ արդեն հասցրել է լինել տարբեր հանգստավայրերում` երբեմն համատեղելով աշխատանքը հանգստի հետ:

Երգչուհին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ծաղկաձորում մասնակցել է համերգ-փարթիի, որը կազմակերպել էր հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկը: Բացի այդ` նա իր սիրելիի հետ եղել է նաեւ Աղվերանում, Սեւանում. «Ես բեմում բավական ակտիվ մարդ եմ, բայց առօրյայում նախընտրում եմ պասիվ հանգիստը: Սիրում եմ առանձնանալ բնության գրկում, կտրվել առօրյա հոգսերից: Աղվերանում, օրինակ, այնպիսի հանգստյան գոտում էինք, որը գտնվում էր շատ գեղեցիկ անտառի մեջ»,-մանրամասնեց Ջուսը:
Նա նշեց, որ սիրելիի հետ նախընտրում է նաեւ այցելել տվյալ քաղաքի մշակութային օջախներ, տարբեր խաղեր խաղալ, եւ որ ամենազվարճալին է` «ըմբշամարտով զբաղվել» (Հիշեցնենք, որ Ջուսի ընտրյալը 1995-1997 թթ-ներին եղել է Հայաստանի եւ Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն). «Մեկ-մեկ նա ինձ հետ «մենամարտում է», ինքը, իհարկե, շատ ուժեղ է, բայց խղճում է ինձ»,-ծիծաղելով պատմեց երգչուհին:
Նա նաեւ հավելեց, որ հնարավոր է` օգոստոսին իր ընտրյալի հետ մեկնի արտասահման` հանգստանալու. «Ուզում ենք գնալ Եգիպտոս, տեսնել Կարմիր ծովը, բուրգերը… Պարզապես հիմա ես զբաղված եմ իմ նոր տեսահոլովակի նկարահանումներով, եւ սպասում եմ, թե երբ եմ ավարտին հասցնելու դրա հետ կապված աշխատանքները: Մանրամասներ հայտնել չեմ կարող, միայն կասեմ, որ դրա պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին, խոստանում եմ բոլորին շոկի ենթարկել»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ Ջուսը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ էր հայտնել վերոնշյալ տեսահոլովակի մասին. «Վստահ եմ, որ այդ գործը կզարմացնի իմ հանդիսատեսին, քանի որ ոչ ոք ինձ նման իրավիճակում չի տեսել: Երգի հեղինակը Աղասի Գեւորգյանն է, գործիքավորումն արել է Գուժը»,-ասել էր նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԿԱՐԵՎՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հուլիսի 9-ին կավարտվեն հայ-ֆրանսիական արշավախմբի՝ Էրեբունի ամրոցում իրականացվող 8-ամյա պեղումները: Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց¬թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս 8 տարվա ամենակարեւոր բացահայտումներից մեկը Երեւանի ամենահին փողոցի բացահայտումն է: «Այն բավականին գեղեցիկ խճաքարերով փողոց է՝ ընդհանուր առմամբ 30 մետր երկարությամբ, գտնվում է Խալդի աստծո տաճարի արեւմուտքում: Այն եզակի է իր տեսակի մեջ, քանի որ դեռ չենք ֆիքսել նման կառույց ուրարտական այլ հուշարձաններում: Այն կարող է նոր մանրամասներ հաղորդել Էրեբունու պատմության կարեւոր մի փուլի մասին: Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այն պետք է, որ թվագրվի մ.թ.ա. 7¬րդ դարի առաջին կեսը»,¬ ասել է նա:

 

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԹԵՄԱՅՈՎ
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը ծրագրում է ֆիլմ նկարահանել օֆշորային սկանդալի մասին, որն առաջացել է «Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` ֆիլմի սցենարը հավանաբար կգրի Սքոթ Բերնսը: Այն կլինի «Գաղտնի աշխարհ» անվանումով գրքի հիման վրա, որի հեղինակը Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի ավագ թղթակից Ջեյք Բերնսթայնն է: Գիրքը, որը շուտով լույս կտեսնի, պատմում է, թե ինչպես են ամենատարբեր երկրների ազդեցիկ մարդիկ օգտվել պանամական Mossack Fonseca փաստաբանական ընկերության ծառայություններից: Նշենք, որ այդ մարդկանց թվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ֆիլմի պրոդյուսերն են Սթիվեն Սոդերբերգը, Լոուրենս Գրեյը եւ Մայքլ Շուգան:

 

 

ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ԿՍՊԱՆԻ
Արդեն հայտնի է, որ երգչուհի Սիարան ու ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ռասել Ուիլյամսը ամուսնացել են: Դեռ չէինք հասցրել այս տեղեկությունը մարսել, արդեն սկսվեցին սկանդալային լուրեր տարածվել այն մասին, թե մինչ այդ երգչուհու նախկին բոյֆրենդ ռեփեր Future-ը, որից, ի դեպ, Սիարան որդի ունի, սպառնացել է սպանել երգչուհու ընտրյալին: Այս մասին հայտարարում է ինքը` Սիարան: TMZ-ի փոխանցմամբ` երգչուհին վախենում է Ռասելի կյանքի համար: Նա դատարանին ներկայացրել է նախկին սիրեցյալի հետ զրույցի ձայնագրությունը, որն ուղղակիորեն վկայում է ռեփերի կողմից սպառնալիքի մասին: Բացի այդ` Սիարայի խոսքով` մայիսին ռեփերը սոցցանցերում հրապարակել է Սիարայի, Ռասելի ու իրենց երեխայի լուսանկարի վրա ատրճանականերով շարժապատկերներ: Երգչուհին պնդում է, որ ռեփերը վտանգավոր է հանրության համար: Իսկ Future-ը վստահեցնում է, որ Սիարան անհավասարակշիռ վիճակում է, անգամ հոգեկան խնդիրներ ունի:




Լրահոս