ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանը աշխատանքային լուրջ խնդիրներ ունեն: Գ. Ալթունյանն անգամ հայտարարել է, թե Ռ. Ջաղինյանի հետ անհնար է աշխատել եւ այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահական նստավայրի համապատասխան օղակներին:
Արդյո՞ք ամեն ինչ այդքան լուրջ է: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Գեւորգ Ալթունյանից: Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա: «Ռուբեն Ջաղինյանին ճանաչում եմ շատ-շատ վաղուց, մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք իրար հետ ու այդ մտերիմ հարաբերություններով էլ շարունակում ենք աշխատել: Ես չգիտեմ, թե ում համար է բարդ աշխատել, ինձ համար շատ հեշտ է իր հետ աշխատել: Մենք միասին աշխատել ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այդ ժամանակվանից ինչպես մարդկային, այնպես էլ շատ ջերմ աշխատանքային փոխհարաբերություններ ունենք»,-ներկայացրեց Գ. Ալթունյանը:
ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆ
Մոսկվայի արեւմտյան Բիրյուլեւո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության համար ձերբակալվել է Օրհան Զեյնալովը, որը նախաքննական մարմիններին խոստովանել է արարքը: Դրանից հետո, ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է նոտա հղել ՌԴ ԱԳ նախարարություն` միաժամանակ պահանջելով Զեյնալովին ապահովել փաստաբանով: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ ամիսներ առաջ Մոսկվայում ձերբակալվել էր ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին նվաստացնելով բերել էին դատարան` խափանման միջոցը որոշելու համար: Ու չնայած տեղի ունեցածին՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ չփորձեցին աղմուկ բարձրացնել ու սեփական քաղաքացուն պաշտպանել:
ՇԱՆ ՀԱՉՈՑՆԵՐ
ՌԴ ԱԴԾ-ի ղեկավար, ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը, անդրադառնալով ադրբեջանական կողմից ԼՂՀ-ում թմրանյութերի տեղափոխման եւ ահաբեկիչների պատրաստման մասին մեղադրանքներին, ասել է. «Նման տեղեկություն ես չունեմ: Ես ոչինչ ասել չեմ կարող տվյալ փուլում»: Իսկ ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանն այդ կապակցությամբ ասել է. «Շունը հաչում է, քամին՝ փչում»: