ԿԱՊ ՉՈՒՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ»-Ի ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանում սկսեց իր չվերթերը: Օդանավակայանում վայրէջք կատարած «Բոինգ 737» օդանավի առաջին ուղեւորների մեջ էին նաեւ Ռոստովից ժամանած հարսն ու փեսան, որոնց ընկերության աշխատակիցները դիմավորեցին աղուհացով, ապա մյուս ուղեւորները սկսեցին պարելով իջնել: «Զվարթնոց» օդանավակայանում «Ժողովուրդ»-ը զրուցեց ավիաընկերության նախագահ Վահան Հարությունյանի հետ, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրն է: Նախկինում նա «Հայկական ավիաուղիներ»-ի կոմերցիոն տնօրենն է եղել:
-Պարո՛ն Հարությունյան, մի առիթով Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ ՀՀ-ում բիզնեսում հաջողությունների հասնելու համար առաջին հերթին պետք է թիկունք ունենալ: Ձեր թիկունքն ո՞վ է: Միգուցե Ձեր եղբայր Դավիթ Հարությունյա՞նը:
-Մեր թիկունքը բացառապես մեր թիմն է եւ մեր աշխատանքը: Ամենամեծ թիկունքը մեր թիմակիցներն են, մարդիկ, ովքեր հավատում են մեր գաղափարին եւ ջանք չեն խնայում, որպեսզի այն իրականանա:
-Շուրջ տասը տարի Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Մ. Բաղդասարովի գնահատմամբ` այս ոլորտը բարդ է ու դժվար կառավարելի: Դուք ի՞նչ պետք է անեք, որ նա չարեց:
-Բաղդասարովը միանշանակ ճիշտ է այս հարցում: Ոլորտը դժվարին է: Ինչպես հայտնի է, ցանկացած ավիաընկերություն առնչվում է տարբեր հարցերի հետ, եւ հատկապես ուղեւորային փոխադրումների ոլորտը ծանր է, ավելի դժվար ու նուրբ, քան բեռնային փոխադրումների ոլորտը: Այստեղ դու գործ ունես մարդկանց հետ: Ես ձեռնպահ կմնայի քննարկելուց, թե ինչ չարեց «Արմավիա»-ն, բայց մենք տարբեր եղանակով ենք իրականացնելու մեր աշխատանքը: Կարծում եմ, որ նման համեմատությունները տեղին չեն, որովհետեւ մեր ծրագիրը լիովին տարբերվում է այն ծրագրից, որն իրականացնում էր «Արմավիա»-ն: Նորից եմ ասում՝ պարզապես շատ դժվար է համեմատել այդ ծրագրերը:
-Մեր հայրենակիցների մեծ մասը հիմնականում Վրաստանից է Եվրոպա մեկնում, քանի որ Վրաստանում ավիատոմսերն ավելի էժան են: Ի՞նչ եք պատրաստվում անել` ձեր շուկայի այդ նշանակալի մասը չկորցնելու եւ ՀՀ քաղաքացիներին մատչելի ավիատոմսեր առաջարկելու ուղղությամբ:
-Գիտեք ի՞նչ, դրան մասամբ նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ վերջին վեց ամսվա ընթացքում հայկական փոխադրող չի եղել: Եվ կարծում եմ, որ դա որոշակիորեն ազդել է ուղեւորափոխադրման սակագների վրա: Պարզ կարելի է նկատել, որ այն պահից ի վեր, երբ «Էյր Արմենիա»-ն հայտարարել է իր չվերթերը սկսելու մասին եւ սկսել է վաճառել ավիատոմսեր, որոշ ուղղություններով, հատկապես Երեւան-Մոսկվա, եղել է սակագների վերանայում, եւ մրցակիցների կողմից այն զգալիորեն նվազեցվել է: Այսինքն՝ ազգային փոխադրողի առկայությունը շատ կարեւոր դեր է խաղում նաեւ մրցակցության տեսանկյունից, եւ կարծում եմ, որ նպաստում է նաեւ այն բանին, որ առհասարակ սակագներն ու ծառայությունը լինեն բարձր որակի եւ ավելի մատչելի:
 -Ինչպե՞ս եք վերաբերում «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդմանը: Ձեզ այն խանգարո՞ւմ է, թե՞ ոչ:
-Մեզ համար՝ որպես փոխադրողի, կարեւորն այն է, որ լավ աշխատի այն նոր ժամանակակից տերմինալը, որը կառուցվել է: Իհարկե, «Զվարթնոց»-ի հիմքը լուրջ տերմինալ է, ինքը ներկայացնում է որոշակի ճարտարապետական արժեք եւ երկար տարիներ եղել է Երեւանի նշանը, սիմվոլը: Այս առումով դժվար է համակերպվել գաղափարի հետ, երբ քանդվում են մեր քաղաքի տարբերակիչ նշանները: Միաժամանակ պետք է հասկանալ, որ «Զվարթնոց» օդանավակայանը պետք է ունենա իր զարգացումը, եւ պահպանել այդ շենքային պայմաններն այն դեպքում, երբ այն չի ծառայում իր նպատակին ու պիտանի չէ փոխադրումների համար, դա, բնականաբար, կապված է մեծ ծախսերի հետ: Անթույլատրելի է, որ շենքը պահպանվի վթարային վիճակում: Եթե չկա ավելի լավ կիրառություն այդ շենքին, հավանաբար պետք է դիտարկել այդ շենքի քանդման հնարավորությունները:
-Պարո՛ն Հարությունյան, այս օրերին կրկին շրջանառվում են այն խոսակցությունները, որ Դուք անմիջական կապ եք ունեցել «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացման հետ: Ի՞նչ կասեք ի պատասխան:
-Ճիշտն ասած, իմ անունը որեւէ կերպ չի կարող կապ ունենալ «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացման հետ, որովհետեւ ես այնտեղ աշխատել եմ 1997-1998թթ. ընթացքում, իսկ «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ է ճանաչվել 2004թ.: Կարծում եմ՝ պարզ տարեթվերի համեմատությունն արդեն հնարավորություն է տալիս կատարել համապատասխան հետեւություններ:
Հ.Գ. Նշենք, որ այս պահին «Էյր Արմենիա»-ն ունի 3 օդանավ, որոնք ձեռք է բերել լիզինգային պայմաններով: Հոկտեմբերի վերջին Հայաստան կբերվի եւս մեկ «Էյրբաս»: Օդանավերի սպասարկման աշխատանքների մի մասը կիրականացվի Երեւանում, մյուս մասը` արտասահմանում: Երեւան-Մոսկվա չվերթերը նախատեսվում է իրականացնել «Էյրբաս-320»-ով, իսկ Ռոստով, Կրասնոդար, Սոչի ուղղությունները, ըստ Վ. Հարությունյանի, կսպասարկի «Բոինգ 737»-ը: Շուտով կիրականացվի նաեւ ընկերության ավիատոմսերի օնլայն վաճառք: Ի դեպ, ընկերության աշխատակիցների մեծ մասը «Հայկական ավիաուղիներ»-ից են, մի մասն էլ՝ «Արմավիա»-ից:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս