ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 ԱՄԻՍ Է` ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է
2013թ. մայիսի 28-ի երեկոյան խոշոր վթար էր տեղի ունեցել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում: Իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 24 LO 705 պետհամարանիշի եւ «Ռովեր» մակնիշի 33 DS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները: «Ժողովուրդ»-ի թղթակիցը գտնվում էր դեպքի վայրում: Վթարից զոհվել էին Տավուշի մարզի Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղի բնակիչներ, 1985թ. ծնված Սմբատ Սերոժի Ղալթախչյանը եւ 1983թ. ծնված Թաթուլ Գառնիկի Դալլաքյանը: Սմբատ Ղալթախչյանը ոստիկան էր, կոչումով՝ ավագ: Վթարից ծանր վիրավորվել էր «Մերսեդես»-ի վարորդը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նա Նոյեմբերյանի զորամասի սպա է, կոչումով՝ կապիտան: Զուրաբյանին ծանր վիճակում տեղափոխել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւան: Ներկայումս վթարի վերաբերյալ քրեական գործով քննություն չի կատարվում, քանի որ Սամվել Զուրաբյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: Զանգահարեցինք ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Արտյոմ Կիրակոսյանին, որը տեղեկացրեց, որ Ս. Զուրաբյանը շարունակում է մնալ կոմայի մեջ: Ա. Կիրակոսյանի վկայությամբ՝ Ս. Զուրաբյանը վեգետատիվ վիճակում է. թեեւ նրանից անջատված է արհեստական շնչառության սարքը, նա ինքնուրույն է շնչում, սակայն շարունակում է անգիտակից մնալ: Բաժանմունքի վարիչի պաշտոնակատարն ասաց, որ Ս. Զուրաբյանը բազմաթիվ վերքեր ունի, որոնց բուժումից հետո պետք է լուծվի նրա հետագա խնամքի հարցը:

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՎԵՐԱՑԱ՞Վ
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ 2014թ. հունվարից դադարելու է գործել Իջեւան քաղաքում գտնվող, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծած Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը: Նախկինում այն կոչվում էր Տավուշի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն: Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը քաղաքացիներից բողոքներ է ստանում նրանց իրավունքների ոտնահարման, պետական մարմինների աշխատողների կողմից կոռուպցիայի դրսեւորումների մասին, բնակիչների շահերը ներկայացնում դատարանում: Մեր տեղեկություններով՝ կենտրոնի փակման պատճառն այն է, որ եկող տարեսկզբից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը դադարեցնելու է հակակոռուպցիոն կենտրոնի ֆինանսավորումը: Տավուշի մարզում կոռուպցիան գնալով աճում է, իսկ հակակոռուպցիոն կենտրոնը փակում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս