Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի փողոցում երկու գազալցակայան է գործում (դրանցից մեկը վերջերս է կառուցվել), որոնց շրջակայքում, բացի առեւտրի կետերից, կան նաեւ հասարակական նշանակության կառույցներ՝ թիվ 17 դպրոցը, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանը, բնակելի տներ եւ բենզալցակայան: Իսկ գազալցակայանների հետնամասում զբոսայգի է, որտեղ օրվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զբոսնում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այդ գազալցակայանների սեփականատերն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն է, որը, շրջակայքի բնակիչների խոսքով, սեփական բիզնեսի համար վտանգում է քաղաքացիների կյանքը: Էլ չասած, որ այդ գազալցակայանը կառուցվեց տասնյակ հաստաբուն ծառերի հատման գնով. նախկինում այդ տարածքում խիտ պուրակ էր:
Չնայած ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչներին՝ Հայաստանի շատ գազալցակայաններում խախտվում են անվտանգության կանոնները: Մասնավորապես տեղադրված չեն գազի հոսքը վերահսկող փականներ, որոնք վտանգի դեպքում փակվում են: Բացի այդ՝ մասնագետների ներկայացմամբ՝ ամբողջ աշխարհում մեքենաները լիցքավորվում են առաջնամասից, որպեսզի պայթյունի դեպքում լիցքավորողը չտուժի, իսկ ՀՀ-ում լիցքավորումը կատարվում է հետնամասից, ինչը պայթյունի դեպքում արդեն իսկ հանգեցրել է մահացու դեպքերի:
Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի գազալցակայանների տերերից շատերը, կոպիտ ասած, թքած ունեն մարդկային կյանքերի վրա եւ հեշտ գերշահույթներ ստանալու համար շատ հաճախ անտեսում են գործող օրենքները: «Ժողովուրդ»-ին դիմած Էրեբունի վարչական շրջանի մի խումբ բնակիչների կարծիքով՝ այդ շարքում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ում պատկանող գազալցակայանն այնքան էլ հեռու չէ դպրոցից, զբոսայգուց եւ այլ նշանակություն ունեցող հանրային օբյեկտներից, ինչի առաջ, սակայն, պետական վերահսկող մարմինները աչք են փակում:
ՀՀ կառավարության 2008թ. որոշմամբ՝ նախքան շինարարական աշխատանքները սկսելը, սեփականատերը կամ շահագործող անձը ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) նախագծի ծրագրի ներկայացմանը զուգահեռ այդ մասին գրավոր պետք է տեղեկացնի ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչությանը եւ ստանա պաշտոնական համաձայնեցումը: ԱԳԼՃԿ-ները պետք է տեղակայված լինեն միմյանցից 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
ԱԳԼՃԿ-ի` գազի ստորգետնյա կուտակիչների տեղամասերից, ավտոմեքենաների լիցքավորման սյունակներից եւ ճնշակայանից մինչեւ գազալցակայանին չպատկանող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների միջեւ նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պետք է պահպանված լինեն: Բնակելի, հասարակական, կոմունալ-կենցաղային եւ այլ շենքերը պետք է լինեն 50 մ, մշակութակենցաղային սպասարկման կազմակերպությունները, վարչական, մանկական եւ բուժկազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, մշակույթի տները՝ 75 մ հեռու:
Նաեւ արտադրական ու գյուղական կազմակերպությունների շենքերից, ավտոտնակներից եւ ավտոմեքենաների բաց կանգառներից ԱԳԼՃԿ-ների հեռավորությունը պետք է լինի 50 մ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական եւ ռադիոակտիվ վտանգավոր նյութեր պարունակող շենքերից եւ տեխնոլոգիական սարքավորումներից` 75 մ: Այս դեպքում, նկատենք, որ գազալցակայանի անմիջապես հարեւանությամբ կա բենզալցակայան, որը եւս, ըստ մեր տեղեկությունների, պատկանում է Մհեր Սեդրակյանին: Հավելենք, որ այդ գազալցակայանների եւ բենզալցակայանի մոտով էլեկտրալարեր են անցնում:
Դժբախտ դեպքերը բացառելու նպատակով ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը տարին մեկ անգամ ստուգում է գազալցակայանների ու բենզալցակայանների տեխնիկական վիճակը եւ տալիս շահագործման թույլտվություն: Ու որպեսզի նվազագույնի հասցվի դժբախտ դեպքերի թիվը, թե՛ սպառողը, թե՛ շահագործողը պետք է գործեն սահմանված նորմերին համապատասխան: Բայց ի՞նչ կարող է անել մեկանգամյա այս ստուգումը` ոչինչ: Ավելին, այն ձեւական բնույթ է կրում:
Ըստ սահմանված չափորոշիչների` գազալցակայանի կետի տարածքը պետք է ունենա չհրկիզվող նյութերից պատրաստված ցանկապատ՝ նվազագույնը 1,6 մ բարձրությամբ: Մհեր Սեդրակյանին պատկանող այս գազալցակայաններում բացակայում է նաեւ ցանկապատը:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նշված գազալցակայանից ոչ հեռու գտնվող թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք տնօրենը մտահոգված չէ աշակերտների անվտանգությամբ. «Հարգելի՛ս, ես իմ դպրոցում նստած, գազալցակայանն այնտեղ, ես ի՞նչ գիտեմ՝ նրանք իրենց անվտանգության կանոնները պահպանում են, թե ոչ: Եթե նրանց թույլտվություն տվել են, եւ նրանք աշխատում են, բնականաբար, բոլոր ինստացիաներն անցել են: Ես մտահոգված էի, որ իմ դպրոցի առաջ չկար լուսակիր, եւ այդ հարցը կարգավորվեց»:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մհեր Սեդրակյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց նրա օգնականը, ապա հեռախոսն անմիջապես փոխանցեց «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Ենգոյանին, որն ասաց. «Էդ բոլոր նորմերը պահպանված ա, հըլը մի բան էլ զապասով: Բոլոր նորմերը համապատասխանում են ստանդարտներին եւ փորձաքննություն անցած են: Եթե այս բոլորը չլիներ, պա՞րզ չի, որ չէին կառուցի: Ընկերուհի՛ ջան, փորձաքննությունը նախագծով է անցնում, ի՞նչ ամեն տարի: Նախագիծը տալուց, հաստատելուց փորձաքննություն է անցնում ու կառուցվում է»:
ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսի 30-ին գազալցակայաններում փորձաքննությունն անցկացրել է «Դամի» փորձաքննության ծառայությունը: «Մտահոգիչ է, որ գազալցակայանի հարեւանությամբ կա դպրոց, թաղապետարան եւ այլն, բայց դրա համար կան նորմատիվ ակտեր, եթե այդ կազմակերպությունը կամ մենք խախտել ենք այդ ակտերն ու կառավարության որոշումները, ապա փորձագետն ու փորձագիտական խումբը պատասխանատու են դրա համար»,-լրացրեց Պետրոսյանը: Իսկ «Դամի» ընկերության տնօրենի տեղակալ Միքայել Սանդոյանը նշեց, որ փորձաքննության արդյունքները դրական են եղել. «Բոլոր նորմերը պահպանվել են: Իրենք միայն ընդլայնել են գազալցակայանի տարածքը, այսինքն՝ երկրորդն են կառուցել, բայց վերազինման պայմանագիր չկա: Իրենք փորձաքննության նախագծային փաստաթուղթ դեռ մեզ չեն ներկայացրել: Իսկ հին տարածքը նորմալ է, առաջին տարին չէ, որ աշխատում ենք»:
Վերջում նշենք, որ 2008-2009թթ. ՀՀ գազալցակայաններում պայթել է 18 մեքենա երկու մահացու ելքով: Իսկ այս տարվա ութ ամիսների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է պայթյունի չորս դեպք: