ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
Տավուշի մարզի Իջեւանի շրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 22-ի ադրբեջանական գնդակոծությունից հետո, որի արդյունքում մեկ զինծառայող մահացել էր, երկուսը՝ վիրավորվել, դեռեւս փակ է Իջեւան-Բերդ ավտոճանապարհը: Երթեւեկությունը կատարվում է Տավուշի մարզկենտրոնից Բերդ տանող շրջանցիկ, Գանձաքար-Իծաքար գյուղերով ձգվող ճանապարհով: Զինվորականները եւ ճանապարհաշինարարները եղել են Վազաշենի տարածքում, ուսումնասիրել ադրբեջանական գնդակոծության թիրախ հանդիսացած ճանապարհահատվածը տեղափոխելու, այն անվտանգ տեղանքով անցկացնելու հնարավորությունը: Վազաշենի գյուղապետն ասաց, որ ճանապարհի այդ հատվածը տեղափոխելուց հետո ոչ ամբողջությամբ, սակայն մեծ չափով կարելի է ապահովել երթեւեկության անվտանգությունը: Մինչդեռ ներկայիս հատվածում ադրբեջանական զինուժի կրակակետերը դեմ դիմաց են:
ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻՆ ԿԴԱՏԵՆ
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Գեղամ Քոքոբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետ, անձնական դրդումներից ելնելով, այն է՝ չկարողանալով հայտնաբերել 7-րդ պահաբաժնի համար 42 քառակուսում ապօրինի ծառահատումներ կատարողներին, Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Գենադիկ Մակունցի վերաբերյալ 2012թ. հուլիսի 13-ին կազմել է 1 հաճարի, 3 բոխի եւ 1 թխկի տեսակի՝ ընդհանուր 74 հզ. 250 դրամ սակագնային արժեքով (վնասի հատուցման գումարը՝ 222 հզ. 750 դրամ) ծառեր ապօրինի հատելու մասին ակնհայտ կեղծ արձանագրություն: Բացի այդ՝ եւս մեկ կեղծ արձանագրություն Հովքի բնակիչ Աշոտ Դավիդյանի վերաբերյալ՝ 2012թ. հուլիսի 13-ին 2 հատ բոխի եւ 1 հատ հաճարի տեսակի ընդհանուր 75.000 դրամ սակագնային արժեքով (վնասի հատուցման գումարը՝ 225.000 դրամ) ծառեր ապօրինի հատելու մասին: Գ. Քոքոբելյանը մեղադրվում է նաեւ 2013թ. հունվարի 29-ին Գենադիկ Մակունցի վերաբերյալ 13 հատ տարբեր տեսակի, ընդհանուր 193 հզ. 500 դրամ սակագնային արժեքով (վնասի հատուցման գումարը՝ 580 հզ. 500 դրամ) ծառեր ապօրինի հատելու մասին կեղծ արձանագրության կազմման եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին ուղարկելու համար: Գ. Քոքոբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիքը): Նախկինում չդատված Գ. Քոքոբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:
Տավուշ