ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Ամստերդամում ավարտվել է MTV Europe Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը: 2013-ի լավագույն երգչուհի է ճանաչվել ամերիկուհի Քեթի Փերին, լավագույն երգիչ՝ կանադացի Ջասթին Բիբերը: Նշենք, որ երիտասարդ աստղն այդ տիտղոսը ստանում է չորրորդ տարին անընդմեջ: Ամերիկացի ռեփեր Էմինեմը ճանաչվել է համաշխարհային կուռք եւ լավագույն հիփ-հոփ արտիստ: Իսկ  «Լավագույն տեսահոլովակ»  անվանակարգում MTV EMA-ի մրցանակակիր է դարձել ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն իր Wercking Ball տեսահոլովակի համար: «Տարվա լավագույն այլընտրանքային խումբ» է ճանաչվել Thirty Seconds to Mars-ը: Աշխարհահռչակ փոփ աստղ եւ գեղեցկուհի Բեյոնսեին պարգեւատրել են կենդանի ելույթների համար:

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Գերմանացի հետազոտողներն ապակոդավորել են XVIII դարի ձեռագիր, որտեղ կան կախարդանքներ: Այս բացահայտումն արել են երկու ձեռագրագետներ: Նրանցից մեկը հաշվել է կոդը՝ ենթադրելով, որ տեքստը գրվել է գերմաներենով, որից հետո գերմանական այբուբենի տառերը փոխարինվել են այլ սիմվոլներով: Արդյունքում՝ նրանք պարզել են, որ յուրաքանչյուր սիմվոլը համապատասխանում է գերմանական այբուբենի տառերից մեկին: Փաստաթուղթը կազմում է 90 էջ, որտեղ նկարագրված են տարբեր հոգիներ եւ դրանց կանչելու ձեւերը: Կախարդանքների մեծ մասը կարող է օգնել մարդկանց երկրային հարստություն ձեռք բերել, մասնավորապես ոսկի եւ արծաթ: Կան սիրո եւ առողջացման հետ կապված կախարդանքներ: Փաստաթղթում շատ են նաեւ քրիստոնեական խորհրդանիշերը:

ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Արման Գալոյանը նոյեմբերի 10-ին Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցած «ՀՀ ԶԼՄ-ների միջեւ հրաձգության սպարտակիադա»-ում գրավել է 2-րդ տեղը: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Aravot.am լրատվական կայքը: Մասնակիցները մրցել են` կրակելով oդամղիչ զենքերով 10 մետր հեռավորությունից: Կանանց պայքարում 1-ին տեղը գրավել է Անի Հարությունյանը «Հանրային ռադիո»-ից, 2-րդ տեղը` Անուշ Աղաբաբյանը Armbowling.am կայքից, 3-րդ տեղը՝ Սվետլաննա Հովհաննիսյանը «Հայոց աշխարհ»-ից, 4-րդ տեղում Լիլիթ Գալստյանն է «Երկիր մեդիա»-ից: Տղամարդկանց պայքարում 1-ին տեղը գրավել է Սամվել Ջինանյանը «Երկիր մեդիա»-ից, 2-րդ տեղում «Ժողովուրդ» օրաթերթից Արման Գալոյանն է, 3-րդ տեղում՝ Մանկավարժական համալսարանի լրատվության բաժնի աշխատակից Սեւակ Գրիգորյանը եւ 4-րդ տեղում՝ Ռուբեն Արեւշատյանը Aravot.am-ից:




Լրահոս