ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս վթարի արդյունքում վնասել են իմ ավտոմեքենան: ԱՊՊԱ փոխհատուցում տվող ընկերությունը քիչ է գնահատել վնասը, եւ ես մտադիր եմ բողոքարկել այդ գնահատման չափը: Ինձ տեղեկացնում են, որ բողոքարկելու համար տվյալ կազմակերպությանը պետք է վճարել 30.000 դրամ: Արդյո՞ք այդպիսի օրենք կա:

Սամվել Խառատյան (36 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի (բյուրո) կանոնների համաձայն՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար անձը փորձաքննության արդյունքների մասին ապահովագրական ընկերության կողմից ծանուցվելուց հետո՝ առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում, բյուրո է ներկայացնում դիմում՝ կից փաստաթղթերով: Կրկնակի փորձաքննության անցկացումը վճարովի ծառայություն է: Նախնական գումարը տատանվում է 20.000-50.000 ՀՀ դրամի սահմաններում՝ կախված փորձաքննության բարդությունից:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Բավական հետաքրքիր սկզբունք է կիրառվում այս պարագայում. ստացվում է, որ եթե ընկերությունը համապատասխան որոշում է կայացնում եւ քիչ գումար է տրամադրում տուժող կողմին, որը դժգոհում է եւ այդ որոշումը բողոքարկում, ապա նա ստիպված է 20.000-50.000 դրամ տրամադրել այդ գործընթացի համար: Եվ խիստ կասկածելի է՝ բողոքարկելուց հետո նա կհասնի որեւէ արդյունքի, թե ե՛ւ կմուծի գումարը, ե՛ւ կպարտվի:




Լրահոս