ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորապես թքած ունի ՀՀ օրենսդրության վրա կամ լուրջ խնդիրներ ունի հայերենով գրված տեքստերն ընկալելու հարցում: Համենայնդեպս, նման կարծիք է ձեւավորվել երեկվա նրա հայտարարություններից հետո, երբ պնդել է, թե Նիկոլ Փաշինյանին օրենքի տառին համապատասխան են արգելել տեսակցել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանին եւ մյուսներին: Նա այս կարծիքը պնդել է ոչ միայն լրագրողների մոտ, այլեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանի ու Կորյուն Նահապետյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու իր մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ: Այնինչ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն… ԱԺ պատգամավորները»: Հ. Թովմասյանի դիմադրությունը, թերեւս, գալիս է հիմնավորելու կասկածները, որ ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, ու հիմա իշխանություններն այդ ամենը կոծկելու խնդիր ունեն եւ դա անում են՝ հղում անելով ինչ-որ քննիչի կողմից կայացված ինչ-որ ապօրինի որոշման: Նշենք, որ խորհրդակցության ժամանակ ՀԱԿ պատգամավորների տեսակետն է պաշտպանել նաեւ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանին արգելելը սխալ էր: Իհարկե, հասկանալի է, թե Թովմասյանն ինչու է վախենում Նիկոլ Փաշինյանի այցից:




Լրահոս