Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալիք «Սիրո մեղեդի» խորագրով համերգին երգչուհի Քրիստինե Պեպելյանի` մասնակցությունից հրաժարվելու քայլը մեծ աղմուկ է բարձրացրել:
Բանն այն է, որ համերգի կազմակերպիչը` «Բիզնես նյուզ» ընկերությունը, երգչուհուն մասնակցության առաջարկ անելիս չի տեղեկացրել, որ համերգը լինելու է բարեգործական, իսկ երբ համաձայնության չգալու արդյունքում Քրիստինեն հրաժարվել է ելույթ ունենալ, հանրությանը ներկայացվել է, թե երգչուհին չի ցանկանում երգել մանկատան երեխաներին երաժշտական գործիքներ գնելու նպատակով կազմակերպված բարեգործական համերգին: Եվ սա այն դեպքում, երբ Քրիստինե Պեպելյանը մշտապես աչքի է ընկել տարբեր բարեգործական միջոցառումներում իր ակտիվ մասնակցությամբ:
Այդ կապակցությամբ Քրիստինե Պեպելյանը թե՛ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, թե՛ այլ լրատվամիջոցների ասել է, որ աստղերից որեւէ մեկին չի զգուշացվել այն մասին, որ համերգը լինելու է բարեգործական. բոլորին ասվել է, թե սովորական հավաքական համերգ է: Օրեր առաջ «Բիզնես նյուզ» ընկերությունից նրան զանգահարել է Կրիստինա անունով մի աղջիկ, ասել, որ հավաքական համերգ են անում եւ ուզում են, որ երգչուհին երկու երգով մասնակցի ու ասի դրա դիմաց իր հոնորարը։ «Ես ասացի ավելի բարձր թիվ, քան իրենց առաջարկած 400 հազարը, եւ Կրիստինան հարցրեց՝ կլինի՞ 400 հազարով երգես, դա մեզ համար ընդունելի թիվ է»։ Երգչուհին տվել է իր համաձայնությունը, թեեւ մտավախություն է ունեցել, որ այդ գումարն ամբողջությամբ չեն վճարի: Ըստ երգչուհու` նախկինում արդեն եղել է նման դեպք, երբ այդ նույն կազմակերպությունը պայմանավորված գումարից քիչ է վճարել:
Ինչեւէ. պայմանավորվելուց հետո կազմակերպիչներն արդեն տպագրել են համերգի վահանակները, ինչից հետո երգչուհուն զանգահարել է նույն Կրիստինան եւ ասել, թե իրենց 400 հազարը հարմար չէ, եւ իրենք կա՛մ պետք է երգչուհուն պակաս վճարեն (չնշելով՝ որքան), կա՛մ երեւի նա այս անգամ չմասնակցի։ «Բայց վահանակներն արդեն պատրաստ էին, եւ ես, բնականաբար, հարցրի՝ ինչպե՞ս եք պատկերացնում իմ չմասնակցելը, եթե արդեն վահանակների վրա իմ անունն էլ եք գրել: Ինչեւէ, ես վրդովվեցի այդ անլուրջ վերաբերմունքից, նրանից, որ իմ անունն են օգտագործում, եւ, բնականաբար, հրաժարվեցի երգել այդ համերգին: Նույն օրը՝ ուշ երեկոյան, իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, որ չեմ մասնակցելու այդ համերգին: Հաջորդ օրը՝ երեկոյան, ինձ զանգեց արդեն Աստղիկը (համերգի կազմակերպիչ «Բիզնես նյուզ» ընկերության տնօրեն Աստղիկ Խաչատրյանը) եւ շատ զարմացած, մի քիչ էլ վատ տոնով ասաց՝ ես չեմ հասկանում՝ ինչն ա պրոբլեմը: Մի խոսքով, երբ նրանք հասկացան, որ չեմ մասնակցելու այդ համերգին, ամենահեշտ եւ խոցելի տարբերակն ընտրեցին եւ շատ արագ այն դարձրին բարեգործական: Այն դեպքում, որ թե՛ երգիչներին այդ մասին չէին զգուշացրել եւ թե՛ գովազդային վահանակի վրա այդ մասին ոչինչ գրված չէր,-«Ժողովուրդ»-ին կատարվածը ներկայացրեց երգչուհին` ընդգծելով,-այսինքն` փորձում են ցույց տալ, թե Քրիստինե Պեպելյանը փողի կռիվ է անում, սակայն դա ուղղակի ծիծաղելի է:»:
Նշենք, որ ըստ վահանակների ծանուցման՝ համերգին մասնակցելու են նաեւ Աշոտ Ղազարյանը, Մարտին Մկրտչյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Լիանան, Սոֆի Մխեյանը։
Համերգի մյուս մասնակիցների դիրքորոշումը պարզելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց նրանցից մի քանիսին: Մեզ հետ զրույցում երգիչ Մհերը նշեց, որ իրեն նույնպես չեն տեղեկացրել համերգի` բարեգործական լինելու մասին: Երգչի խոսքով, եթե ասեին, նա առանց հոնորարի կմասնակցեր համերգին, իսկ հիմա, քանի որ վիրավորել են իր կոլեգա Քրիստինե Պեպելյանին, ինքն էլ չի մասնակցի այդ համերգին։
Երգչուհի Լիանան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ չի մասնակցելու համերգին, սակայն այլ պատճառով:
Մեզ հայտնի դարձավ, որ Մարտին Մկրտչյանը եւս չի մասնակցի համերգին:
Ինչ վերաբերվում է մասնակիցներից Սոնա Շահգելդյանին, ապա նա էլ մեկնելու է Ավստրալիա, որտեղից կվերադառնա դեկտեմբերի 2-ին։ Հետեւաբար չի մասնակցի:
Իսկ «Բիզնես նյուզ»-ի տնօրեն Աստղիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում բավականին տարօրինակ կերպով հիմնավորեց այն փաստը, թե ինչու մասնակիցներին նախօրոք չեն տեղեկացրել, որ համերգը բարեգործական է: Ըստ կազմակերպչի` ընդհանրապես էական չէ՝ համերգը բարեգործական է լինելու, թե ոչ. «Մենք նմանատիպ համերգ կազմակերպելուց առաջ երբեք չենք ասել, որ բարեգործական է, չենք լուսաբանել, չենք ներբողել… Իսկ Քրիստինե Պեպելյանի հետ մենք պարզապես համաձայնության չենք եկել, նա ինչո՞ւ է այդքան զայրացած։ Ես չեմ ցանկանում, որ իմ կազմակերպած համերգին նա երգի, դա ինչ-որ խնդի՞ր է»։
Երբ հիշեցրինք, որ սկզբում իր աշխատակցուհին երգչուհու հետ համաձայնության է եկել, նա նշեց. «Երբ ինձ աշխատակցուհիս ասաց, որ նա 400 հազար դրամ է պահանջում, բյուջեն քննարկեցինք, տեսանք, որ հարմար չէ։ Եթե բյուջեն հերիքեր, իհարկե կտրամադրեինք։ Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Քրիստինեն մեր կազմակերպած միջոցառումներին պետք է մասնակցեր։ Մշտապես վճարվել ու երգել է»։
Տնօրենը համոզված է, որ իրենց համերգը չի ձախողվի, ու եթե ոմանք հրաժարվեն մասնակցությունից, նրանց փոխարեն ուրիշները ելույթ կունենան։ Իսկ եթե բոլո՞րն էլ հրաժարվեն։ «Ես բացարձակապես չեմ կարծում, որ նման վերաբերմունք լինի, մանավանդ երբ մնացած երգիչներն ընդամենը սիմվոլիկ գումարներով են երգում»,-նկատեց Ա. Խաչատրյանը:
Անկախ տնօրենի ներկայացրած հիմնավորումներից՝ ակնհայտ է, որ համերգը, համենայնդեպս, նախօրոք հայտարարված կազմով արդեն չի կայանա։ Ու լավ կլինի, որ կազմակերպիչները հաջորդ անգամ «գաղտնի բարեգործություն» չանեն ու նաեւ հուսախաբ չանեն իրենց հանդիսատեսին, որը կարող է այդ համերգին գալ կոնկրետ Քրիստինե Պեպելյանին կամ Սոնա Շահգելդյանին լսելու համար, սակայն պարզել, որ նրանք չեն մասնակցում համերգին:
ԳԱՂՏՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ