Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմականացվեց Ստամբուլի «Մարալ» երգի և պարի միության համույթի «Արա և Շամիրամ» դիցաբանության երաժշտական-պարային ներկայացումը:
Օրհնանքի խոսքով հանդես եկավ Պոլսի Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը:
Ներկայացումը երկու անգամ արդեն բեմադրվել է Ստամբուլում՝ արժանանալով ջերմ ընդունելության ու բարձր գնահատանքի: Հայաստանում այն ներկայացվեց առաջին անգամ: «Մարալ» պարախումբը թատերգական պարի միջոցով յուրովի ներկայացրեց «Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիցաբանական պատմության հերոսներին՝ Հայրենիքին ու ընտանիքին նվիրված Արային և բռնակալ, ցանկասեր Շամիրամին: Վերջինիս համար պարագրության հեղինակները նախանշել էին դժոխքի ճանապարհը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ իրադարձության առիթով: «Մարալ» երգի ու պարի միությունն իր գործունեության 36 տարիների ընթացքում նվիրվել է մեկ գաղափարի` պահպանել հայկական ավանդական մշակույթը՝ խորապես գիտակցելով, որ այն հայ ինքնության պահպանման և զարգացման ամենակարևոր երաշխիքներից մեկն է»:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց պոլսահայ համայնքի դերը հայ մշակույթի և հայկական ավանդույթների պահպանման գործում: «Մենք հիանում ենք վերջին տարիներին Սփյուռքի նախարարության ծրագրերի շրջանակներում Հայաստան եկող պոլսահայ մեր հայրենակիցներով, ովքեր հնարավորություն են տալիս կրկին համոզվելու, որ պոլսահայ համայնքը մշակութային հզոր ներուժ ունի», -նշեց նա:
Անդրադառնալով «Արա և Շամիրամ» ներկայացմանը՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց. «Մեզ ներկայացված պարային բեմադրությունը երկու տարվա քրտնաջան աշխատանքի արդյուքն է: Տեղին է հիշել Պոլսի վաստակաշատ խմբագրպետ, մեր սիրելի Ռոպեր Հատտեճյանի խոսքը. «Արա և Շամիրամը» պետք է ներկայացնել բազում անգամներ և հասցնել հայկական, ինչպես նաև ոչ հայկական շրջանակների, որոնք այս կերպով կկարդան հայոց դիցաբանության նշանավոր էջերից մեկը»: Եվ նա իրավացի է: Ես կուզենայի, որ Հայրենիքում այսպիսի ջերմ ընդունելություն գտնելուց հետո այն շարունակի իր ուղին՝ հիացնելով նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին»:
Հրանուշ Հակոբյանը կարևորեց խմբի անդամների դերասանական վարպետությունը, բարձրաճաշակ դեկորացիաները, բեմադրության ընթացքում հնչող Ա. Խաչատուրյանի, Ալ. Սպենդիարյանի, Խ. Ավետիսյանի, Կոմիտասի, Թ. Ալթունյանի, Ա. Բաբաջանյանի և այլոց մեղեդիների ընտրությունը:
Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց «Մարալ» երգի և պարի միությանը:
Բեմադրության ստեղծագործական խումբը, կազմակերպիչները և գլխավոր դերակատարները՝ Լեռնա Փափազյանը, Սելմա Մելեքյանը, Արթին Ճան Պահարօղլուն, Դալար Քեօսեօղլուն, Արաս Ռյուսթեմօղլուն, Ալիտա Դիվանյանը, Գարեն Էմիրկելօղլուն պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով: