Ինչ փոփոխություններ են սպասվում Հարկային օրենսգրքի ընդունումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի երեկվա նիստում երեկ 78 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգիրքը: Եվ սա տեղի ունեցավ չնայած նրան, ինչպես օրենքի նախորդ տեսքի, այնպես էլ լրամշակված տարբերակի պարագայում բազմաթիբ կոշտ քննադատություններ հնչեցին նիստերի դահլիճից: Սակայն դա չխանգարեց, որ օրենքն անցնի:

Ինչպես և շատ այլ օրինագծերի դեպքում, այս անգամ ևս օրենքին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, մյուսները կամ դեմ էին, կամ առհասարակ չմասնակցեցին քվեարկությանը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով պատգամավորները հակիրճ հայտնեցին իրենց տեսակետները՝ կրկին քննադատության ենթարկելով օրենսգիրքը: Մասնավորապես, ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ օրենսգիրքը հարվածելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել քվեարկության:

Փաստաթղթին դեմ արտահայտվածներից է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով ՀՀԿ-ականներին հիշեցրեց, որ օրենսգիրքը էապես ավելացնում է հարկատուների բեռը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վրդովված էր այն պատճառով, որ ՝  147 առաջարկից միայն 10 տոկոսն է ընդունվել։ Իսկ ընդդիմադիր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, թե նոր օրենսգիրքը հակասահմանադրական դրույթներ է պարունակում: «Մեկն այն, որ կանխավճար է պահանջում մարդուց, երբ որ ինքը փող չի աշխատել, և երկրորդը՝ ստացվում է Կաթոլիկ հայերի եկեղեցին հարկվում է, Հայ առաքելականը չի հարկվում, դա Սահմանադրության կոպիտ խախտում է», – նշեց Բագրատյանը։

Իսկ ՀԱԿ  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ աղմկահարույց օրենսգիրքը մշակվել է միայն իշխանության մասնակցությամբ։ Իսկ նրա հայտարարությանն էլ հերքեց  օրենսգրքի հարակից զեկուցող  Վարդան Այվազյանը. – «Պարոն Սահակյան, ես արդեն ձեր նկատմամբ բողոք ունեմ, մեկ էլ՝ աշխատակազմի, ինչո՞ւ, օրինակ, ինձ հրավիրատոմսեր չեք տվել, որպեսզի ես հրավիրեի… 25 քննարկում է եղել, ես գտնում եմ, որ Հարկային օրենսգիրքը պատրաստ է, որ ընդունենք վերջնական»։

Հավելենք, որ Հարկային նոր օրենսգրքով կավելանա 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկը, շրջանառության հարկի շեմը կրկին կիջեցվի 58 միլիոն, տնտեսվարողների շահութաբաժնի նկատմամբ կկիրառվի լրացուցիչ նոր հարկատեսակ: Հարկային նոր օրենսգիրքը կսկսի գործել 2018 թվականի հունվարի 1-ից։




Լրահոս