Մովսես Հակոբյանն ինչո՞վ է տարբերվելու սովետական մտածողությամբ եւ հնացած կարծրատիպերով առաջնորդվող զինվորականից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրությամբ նոր կառավարության ձեւավորման համար սահմանված ժամկետի վերջին օրը՝ հոկտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի կատարած նշանակումները կարծես թե երեկվա լրահոսում ստվերվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերլուծություններով: Սակայն այդ նշանակումների փաթեթում, բացի ԱԳՆ-ում, ԱԽ-ում եւ նախագահի աշխատակազմում արված փոփոխություններից, չափազանց կարեւոր էին ՊՆ-ում կատարված նշանակումները, եւ, թերեւս, առաջնահերթ՝ գլխավոր շտաբի պետի փոփոխությունը, քանի որ նոր Սահմանադրությամբ ՀՀ զինված ուժերում թիվ մեկ պաշտոնյան այլեuս դառնում է ոչ թե ՊՆ նախարարը, այլ հենց գլխավոր շտաբի ղեկավարը: Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվեց Մովսես Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ տարիներ շարունակ ղեկավարում էր ԼՂՀ պաշտպանության բանակը:

Արդ՝ ինչով է Մ. Հակոբյանը տարբերվելու իր նախորդից՝ Յուրի Խաչատուրովից, որն ընկալվում էր որպես սովետական մտածողությամբ եւ հնացած կարծրատիպերով առաջնորդվող զինվորական: Ասել, որ Մ. Հակոբյանը նրանից առաջադեմ է, ունի այլ մտածողություն, արդիական, տեխնոլոգիականացված զինուժի ձեւավորման գաղափարների կրող է, դժվար է: Բացի այդ, Մ. Հակոբյանի նշանակման դեպքում բաց է մնում մի շատ կարեւոր հարց: Գաղտնիք չէ, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում փոփոխությունների խնդիրը դարձավ արդիական, երբ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիները տեսան, որ տարիներ ի վեր բոլորիս կողմից փայփայված եւ մեր սուղ բյուջեից արվող մեծածավալ հատկացումներով իբրեւ թե զարգացող եւ տարածաշրջանում ամենամարտունակը լինելու հավակնություն ունեցող զինված ուժերում առկա են խայտառակ բացթողումներ, որոնք արժեցան մեր պայծառ երիտասարդներից շատերի կյանքը: Եվ, բնականաբար, քննադատությունների սլաքն առաջին հերթին ուղղվեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմը, եւ սկսեցին հնչել Օհանյանի պաշտոնանկության մասը հայտարարություններ: Անշուշտ, ՀՀ արդեն նախկին պաշտպանության նախարարը մեծապես պատասխանատու էր այդ բոլոր թերացումների եւ բացթողումների համար, ճիշտ այնպես, ինչպես եւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Սակայն արդյոք ԼՂՀ դիրքերի անմխիթար վիճակի, տարրական կապի, գիշերային տեսողության սարքերի եւ այլ անհրաժեշտ պայմանների բացակայության համար նույնչափ պատասխանատու չէ նաեւ Մ.Հակոբյանը, ով, հիշեցնենք, 2007-2015 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: 8 տարի ղեկավարելով ԼՂՀ ՊԲ-ն՝ նա Երեւան է տեղափոխվել 2015-ի հունիսին, եւ հասկանալի է, որ ԼՂՀ զինուժում առկա այդ խնդիրները չէին ծագել վերջին մի քանի ամիսներին: Եվ ուրեմն՝ ինչու չի խոսվում նաեւ Մ. Հակոբյանի պատասխանատվության մասին, ավելին՝ նա, փաստորեն, պարգեւատրվում է իր թերի աշխատանքի համար, եւ հենց նրան է վստահվում արդեն ՀՀ զինուժի ղեկավարումը: Մեղմ ասած՝ մտահոգիչ է:




Լրահոս