ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԹԱԼԻՍՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին հաշված օրեր են մնացել: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 20-ին, Մալթայում: Հայաստանը մրցույթում կներկայացնեն 13-ամյա Մերի Վարդանյանը եւ Անահիտ Ադամյանը՝ «Տարբեր» երգով (երաժշտության հեղինակ` Նիկ Եգիբյան, խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան): «Ժողովուրդ»-ը աղջիկների հետ զրուցել է եվրատեսիլյան թոհուբոհի եւ այլ թեմաների շուրջ:

-Մի փոքր պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք սովորում, ի՞նչ հաջողություններ եք հասցրել գրանցել Ձեր ոլորտում:
Մերի- Սովորում եմ «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում: 2015-ին մասնակցել եմ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ արժանացել գլխավոր մրցանակի: 2016-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել եմ առաջին մրցանակի:
Անահիտ- Ապրում, սովորում եմ Սոչի քաղաքում: Երգով սկսել եմ հետաքրքրվել 2013թ.-ից: Ռուսաստանում մասնակցել եմ մանկական «թՏսՏր» նախագծի ընտրական փուլին, ինչպես նաեւ Իգոր Կրուտոյի ակադեմիայի «ըՌՑՉՈ ՑՈսՈվՑՏՉ» նախագծին, որի շրջանակում դարձել եմ ֆինալիստներից մեկը:
-Նշել եք, որ էությամբ շատ տարբեր եք, եւ այս հանգամանքից ելնելով էլ ստեղծվել է Ձեր «Տարբեր» երգը: Ամեն մեկդ բնութագրեք, խնդրեմ, մյուսիդ մի քանի բառով:
Մերի-Այո՛, ճիշտ եք. մենք, իսկապես, շատ տարբեր ենք: Անահիտը բավական աշխույժ է, իսկ ես նրա համեմատ ավելի հանգիստ եմ, անգամ մի փոքր պասիվ:
Անահիտ-Ինչպես մեր երգում է ասվում` ես աշխույժ ու խենթ եմ, իսկ Մերին դասական է, նրա պահարանում միայն սեւ ու սպիտակ գույներ կան (ժպտում է):
-«Մանկական Եվրատեսիլի» մասին երբվանի՞ց եք մտածել, երազել: Մրցույթի մեր նախորդ մասնակիցներից ո՞ւմ ելույթն եք հավանել:
Մերի-Մրցույթին մասնակցել երազում են բոլոր երեխաները, որոնք երգում են: Իմ գլխավոր ու ամենամեծ երազանքն էլ է դա եղել: Հաճախ եմ պատկերացրել, թե ինչպես եմ կանգնում այդ մեծ բեմի վրա, եւ թե ինչպես են ինձ վրա լույսեր ընկնում: Հիմա արդեն այդ ամենը քիչ-քիչ իրականություն է դառնում: Իսկ մեր նախորդ մասնակիցներից շատ եմ հավանել Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը:
Անահիտ- «Եվրատեսիլին» մասնակցելու մասին ես էլ եմ երազել: Վստահ եմ, որ այնտեղ լավ ժամանակ եմ անցկացնելու, շատ ընկերներ եմ ձեռք բերելու: Ես եւս ամենից շատ սիրել եմ Վլադիմիր Արզումանյանի «Մամա», ինչպես նաեւ Միկայի «Love» երգը:
-«Մանկական Եվրատեսիլից» ի՞նչ ակնկալիքներ ունեք, Ձեզ համար առավել կարեւոր է շոո՞ւն, թե՞ կատարումը` վոկալային առումով:
Մերի- Ինձ եւ Անահիտի համար առաջին հերթին կարեւոր է լավ ելույթը, էականն այն է, որ չհուզվենք: Իսկ շոուի մասով մենք չենք զբաղվում, մեզնից կախված է միայն լավ ելույթը (ժպտում է):
Անահիտ- Մեզ հետ բեմում լինելու են նաեւ չորս պարող աղջիկներ: Վստահ եմ, որ միասին լավ ելույթ ենք ունենալու:
-Շատ երեխաներ նմանատիպ մրցույթների մասնակցում են պարզապես զվարճանալու եւ ընկերներ ձեռք բերելու նպատակով: Դո՞ւք ինչ կասեք:
Երկուսով- Բոլորը գործոնները` միասին (ժպտում են):
-«Մանկական Եվրատեսիլի» մեր նախորդ մասնակիցները բավական ուժեղ են եղել, պարտավորեցնող չէ՞ նրանցից հետո ելույթ ունենալը:
Մերի-Ասեմ, որ արդեն հանդիպել ենք Միկային (Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին ներկայացրել էր Միքայել Վարոսյանը` Միկան, եւ զբաղեցրել 2-րդ տեղը-հեղ.), ու նա մեզ թալիսմաններ է նվիրել: Կարծում ենք` ամեն բան լավ կլինի:
Անահիտ- Անկախ ամեն ինչից` դժվար է նման մեծ մրցույթում ելույթ ունենալը: Դրա համար մենք իսկապես շատ ենք պարապում:
-Ձեզ դատելու է նաեւ մանկական ժյուրին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:
Մերի- Տխրեցի, երբ իմացա, որ այս տարի sms քվեարկություն չի լինելու: Միշտ պատկերացրել եմ, թե ինչպես եմ երգում ու ինձ համար հաղորդագրություններ են ուղարկում:
Անահիտ- Եթե մենք լավ երգենք, ամեն ինչ լավ կլինի:
-Նշե՛ք մի քանի հատկություն, որակ, որոնք փոքրիկ արտիստը պետք է անպայման ունենա:
Մերի- Ինքնավստահություն, լավ ձայն:
Անահիտ- Համբերատարություն, աշխատասիրություն:
-Փոքրիկներն արդեն հասցրե՞լ են սիրել Ձեր երգը, դրա վերաբերյալ ի՞նչ արձագանքներ եք լսել:
Երկուսով- Հիմնականում լավը (ժպտում են):
Հիշեցնենք, որ մրցույթի հեռարձակման հետ կապված այս տարի փոփոխություն է տեղի ունեցել. «Մանկական Եվրատեսիլին» կարող եք հետեւել Հայաստանի ժամանակով 19.00-ին: Ժամային փոփոխությունն արվել է, որպեսզի մրցույթին ներգրավվեն ավելի շատ երկրներ եւ հեռարձակողներ:

 

 

 
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԹԱՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ

Տեւական ժամանակ է` Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանը (խաղացած ներկայացումներից են` «Ավագ որդին» (Վասինկա), «Անտիգոնե» (Հեմոն), «Տերն ու ծառան» (Սարո), «Ճառ ասենք, թե…» (Պույ-պույ), «Հրաշագործ սրինգը» (Հովիկ) եւ այլն), որը հայտնի է նաեւ մի շարք հեռուստահաղորդումներից, սերիալներից եւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆլիմից, էկրաններին չի երեւում:

Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երկու տարի է` բնակվում է ԱՄՆ-ում. «Ընտանիքս ավելի վաղ էր տեղափոխվել նահանգներ: Չեմ կարող ժխտել, որ ԱՄՆ-ն լայն հնարավորությունների երկիր է: Այստեղ ես զբաղվում եմ տարբեր գործերով` չմոռանալով մասնագիտությանս մասին: Պարբերաբար կազմակերպում եմ տարբեր միջոցառումներ, օրինակ` մի քանի ամերիկաբնակ դերասան-ընկերների հետ աշխատում ենք մանկական ներկայացման վրա, որը կոչվում է «Մաշայի ամանորյա արկածները»: Այն հանդիսատեսի դատին կհանձնվի դեկտեմբերի 17-ին եւ 18-ին` Գլենդելի «ARTN» թատրոնում: Ներկայացման մեջ ընդգրկված են Արմեն Գեւորգյանը, Գոհար Կարապետյանը, Լիանա Պետրոսյանը (այս երեքի հետ մի քանի տարի աշխատել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում), Նարեկ Ներսիսյանը, Աննա Նուրիջանյանը, Լուսինե Ուրֆալյանը եւ ես»:
Հարցին, թե արդյոք պատրաստվում է մոտ ապագայում այցելել հայրենիք, Գրիգորին պատասխանեց. «Դեռ չգիտեմ` երբ կգամ, ժամանակի սղության խնդիր ունեմ, բայց ցանկությունս մեծ է, հուսով եմ` շուտով այն կիրականացնեմ»:
Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ հնարավոր է` մի քանի հայ դերասաններով ԱՄՆ-ում խաղացանկային թատրոն հիմնեն. «Նշյալ խմբով մենք արդեն իսկ թատրոն ենք, կարծում եմ` կկարողանանք նոր ներկայացումներ կյանքի կոչել, կունենանք կայուն խաղացանկ, Լոս Անջելեսի հայ համայնքն էլ (կամ գոնե դրա մի մասը) կդառնա մեր մշտական հանդիսատեսը»:
Գրիգորին հավելեց, որ հեռուստանախագծեր ստեղծելու նպատակներ էլ ունի, սակայն դեռ վաղ համարեց այդ մասին խոսել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԱՐԱՄՅԱՆՑԻ ՏԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս մի խումբ մտավորականներ բարերար Միքայել Արամյանցի` Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված բաց նամակով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նշենք, որ առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության «նորահայտ պատմության ու մշակույթի հուշարձանների» ցանկում, բայց քանի որ սեփականատերը չի կատարել ստանձնած պարտավորությունները, այն հայտնվել է անմխիթար վիճակում: Կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարել է մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը եւ առաջարկություններ ներկայացնել: Վարչապետը հավելել է, որ առանձնատունը կարող է գրավիչ լինել զբոսաշրջիկների համար:

 

 

ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ ԵՆ ԳՏԵԼ
Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախումբը Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հնագույն ժայռապատկերներ է հայտնաբերել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը: Այս տարվա սեպտեմբերին մեկ շաբաթով արշավախումբ է ուղարկվել դեպի Եղեգնաձոր. «Հուրախություն մեզ, հայտնաբերեցինք ժայռապատկերը, որի վրա երկու կենդանի է պատկերված: Մասնագետների կարծիքով` այն պալեոլիթի շրջանի գործ է»,-ասել է հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի ղեկավար, քարանձավագետ Սմբատ Դավթյանը: Բանախոսների համոզմամբ` տվյալ տարածքը կարող է զբոսաշրջային հիանալի գոտի դառնալ: Նրանք հավելել են, որ Հայաստանում կան աշխարհի քարանձավների բոլոր տեսակները, իսկ ահա քարե դռներով քարանձավներ միայն մեր երկրում կան` Արագածոտնի մարզում: Հայաստանում 10 000 քարանձավներից 100¬ը, ըստ մասնագետների, կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին:

 

 

ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ
Ամերիկյան հայտնի System of a Down (SOAD) ռոք խմբի անդամները վերջին 6 ամսվա ընթացքում աշխատում են նոր ձայնասկավառակի ստեղծման վրա: Այս մասին փոխանցում է Asbarez-ը, իսկ տեղեկությունը հաստատել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը: Ալբոմի 15 երգ արդեն պատրաստ է: «Մեզ վրա ահռելի ճնշում կա, քանի որ արդեն 11 տարի է` նոր ձայնասկավառակ չենք ներկայացրել: Սակայն մեր երաժշտական հմտությունները կատարելագործվել են, եւ նոր բաներ ենք փորձում»,- ասել է թմբկահարը` հավելելով, որ ձայնասկավառակի շնորհանդեսի ամսաթիվը դեռեւս հստակ նշել չի կարող:




Լրահոս