Մեր հասարակությունների առջև ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին.

«Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկին նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Շատ հաճելի է նախորդ տարի երևանյան հանդիպումից հետո այսօր ձեզ տեսնել այստեղ՝ Անտանանարիվուում՝ նախարարական համաժողովի համար այնքան արժանի վայրում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտգործնախարարների խորհրդի նախագահին և Մադագասակարի իշխանություններին՝ մեզ ցուցաբերած ջերմագույն ընդունելության համար:

Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված զեկույցը: Անտանանարիվուի հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի մեր պետությունների և կառավարությունների ղեկավարների ուշադրությանը, հստակ կերպով մատնանշում է մեր առջև ծառացած մարտահրավերները և ուրվագծում առաջիկա երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի կողմից իրականացվելիք գործողությունների բավականին հավակնոտ մի ճանապարհ:

Կազմակերպության քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինեն մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են՝ ճգնաժամերի կարգավորումը, զարգացման անհավասարությունների հաղթահարումը, անհանդուրժողականության երևույթների կանխարգելումը, կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների դեմ պայքարը:

Այս առումով հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի առաջարկվող լուծումները հենվեն մեր հիմնարար արժեքների համակարգի վրա՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության և բազմազանության:

Առկա մարտահրավերներն ու ճգնաժամերն առաջնային են դարձնում միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը։ Հանդուրժողականության ու երկխոսության մշակույթը մշտապես խթանման կարիք ունեն:

Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՖՄԿ գլխավոր քարտուղարի նպատակասլաց ջանքերը, որոնք ուղղված են Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջ մղմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցաբար՝ ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելուն։

Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ մեր կազմակերպության առանցքային առաջնահերթություններից:

Սա նաև այն է, ինչին Հայաստանը ձգտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, 2016թ․ ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և խաթարեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը:

Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի և Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Միսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնություն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին ՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և հարատև հանգուցալուծման հիմք:

Մեր հասարակությունների առջև ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին: Ֆրանկոֆոն ընտանիքը պետք է մոբիլիզացված մնա ահաբեկչության դեմ տարվող պայքարում: Տիկին գլխավոր քարտուղար, շնորհակալ ենք այս ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնած լուրջ քայլերի համար:

Արժևորում ենք Ձեր գործունեությունը՝ ուղղված երիտասարդությանը Ֆրանկոֆոնիայի մարդասիրական գաղափարների շուրջ համախմբելուն և մեր կազմակերպության գործունեության մեջ նրանց առավել ներգրավմանը: Այս առթիվ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ 2015թ․ հոկտեմբերին Երևանում կայացած նախարարական համաժողովը հանդիսացավ նմանօրինակ մի նախաձեռնության հիմք՝ ընդունելով բանաձև՝ Ֆրանկոֆոնիայի հաստատությունների գործունեությանը երիտասարդության մասնակցության մասին:

Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկին նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում՝ համագործակցության և երկխոսության այս տարածքում, որի հիմքում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը և համերաշխությունը:

Շնորհակալություն»:




Լրահոս